Ուժգին երկրաշարժը Հայաստանում աղետալի հետևանքներ կունենա. փորձագետներ

Փորձագետները շարունակում են ահազանգել՝ ուժգին երկրաշարժը աղետալի հետևանքներ կունենա, հատկապես մեկ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքում։ 

Որքանո՞վ են սեյսմակայուն Հայաստանում շենքերը, որոնց 90 տոկոսը կառուցվել է խորհրդային տարիներին ու ունի ավելի քան կեսդարյա պատմություն։ Փորձագետները շարունակում են ահազանգել՝ ուժգին երկրաշարժը աղետալի հետևանքներ կունենա, հատկապես մեկ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքում։

«Եթե լինի Սպիտակի ուժգնության երկրաշարժ, նույնիսկ դրանից մի քիչ ավելի թույլ, ապա մենք կկորցնենք շենքերի 80 տոկոսը և կունենանք 300 հազար զոհ միանգամից», - ասում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։

«Շենքեր կան, որ պետք է քանդեն, նորը կառուցեն», - հավելում է ճարտարապետ Վարդգես Շահբազյանը։

Երբ երկու տարի նույն օրը՝ փետրվարի 13-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերն ուժեղ զգացվեցին Երևանում ու որոշ մարզերում, անկախ փորձագետները հենց այսպիսի այսպիսի մտագոհիչ գնահատակ հայտնեցին։ Այժմ էլ փաստում են՝ մեկ տարի անց իրավիճակը չի փոխվել։ Խորհրդային տարիներին կառուցված ու արդեն մաշված շենքերն ամրացնելու կամ վերացնելու ուղղությամբ մեծ հաշվով գրեթե ոչինչ չի արվել, միայն օրենքեր են ընդունվել։

«Այսինքն՝ խոսքը գնում է ինչ-որ իսկապես նոր պետական ծրագիր ստեղծելու մասին», - նշում է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը։

Գրիգոր Ազիզյան

Նա խուճապ հարուցող հայտարարություններից հրաժարվում է, սակայն փորձառու մասնագետը գիտի՝ ժամանակը ի վնաս մեզ է աշխատում. - «Ուշացնել պետք չի։ Դա առհասարակ տասը տարում չի արվելու, դա կարող ա տևի դեռ երեսուն, քառասուն տարի։ Բայց հիշենք, որ երեսուն տարի արդեն անցել է, երեսունհինգ տարի արդեն անցել է։ Դնենք դա նրա վրա, որ մենք դեռ չենք կայացել և նոր ենք կայանում։ Այսինքն՝ պետք է սկսել նորից»։

Ազիզյանի խոսքով, Սպիտակի երկրաշարժից հետո բնակֆոնդի ընդամենը 20 տոկոսն է թարմացվել նոր շենքերով։ Մնացած 80 տոկոսը չամրացված հին շենքեր են։ Խորհրդային Միության փլուզումից հետո խնդիրը բարդացել է. պետությունը բեռը թողել է բնակիչների ուսերին՝ համատիրությունների հույսով:

Բայց մասնագետները պնդում են՝ ակնհայտ է, որ բնակիչը ի վիճակի չէ ինքնուրույն շենք ամրացնել, սա արդեն ազգային անվտանգության հարց է. -«Նորից էդ հարցը բարձրացնել և պարտադիր սկսել և բարելավել այն բնակարանների վիճակը, որտեղ ապրել ուղղակի չի կարելի» (Գրիգոր Ազիզյան)։

Տանյա Արզումանյան

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ Տանյա Արզումանյանը մեկ տարի առաջ «Ազատության» հետ զրույցում ընդունել էր, որ այս տարիների ընթացքում համակարգված ծրագիր չի եղել, եղել են տեղային լուծումներ, տրվել է «շտապ օգնություն» ծայրահեղ վատ վիճակում գտնվող շենքերին։ Իսկ սահմանադրական փոփոխությունների հետևանքով, ըստ պաշտոնյայի, նվազագույն պետական աջակցությունն էլ վերացավ. - «Մենք մտածում էինք, համակարգային ծրագրերի միջոցով, որը 2024 թվականից նոր, ըստ կառավարության ծրագրի, կմեկնարկի, աստիճանաբար փուլային եղանակով գնանք բնակֆոնդի թարմացմանը»։

Հիմա նախարարությունից ավելացնելու բան չունեն։ Քանի որ, ասում են, անցած տարի օրենսդրական փոփոխություններ են եղել, դեռ էլի փաստաթղթեր պետք է մշակվեն։ Դիտարկմանը, որ գրագրության ընթացքում շենքերն են թուլանում, Քաղաքաշինության կոմիտեից արձագանքեցին, թե դրանք ամրացնելու կամ քանդելու մասը իրենց չի վերաբերում։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ մրցույթ են հայտարարել։ Հաղթող ընկերությունը կզբաղվի շենքերի սեյսմիկ կայունության գնահատմամբ, ինչի արդյունքում էլ քաղաքապետարանը կունենա անելիքների ամբողջական պատկերը։ Թե երբ՝ չեն հստակեցնում։

Ու մինչ պետական այրերը մտածում են, օրենքի նախագծեր են մշակում, մասնագետները հուշում են՝ վաղուց կան արդեն իսկ լավ աշխատող տարբերակներ։

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրենը բերում է դեռ 16 տարի առաջ ամենավտանգված թաղամասերից մեկի՝ Աջափնյակի օրինակը։ Երկրաբանական պայմաններն ուսումնասիրելուց հետո պարզվել էր, որ այստեղ 4-5 հարկանի շենքերը կարելի է քանդել և պինդ բազալտի վրա բարձրահարկեր կառուցել. - «Կողքի վնասված շենքերից, կամ ապագայում վնասվող շենքերից, կամ ոչ-սեյսմակայուն շենքերից ժողովրդին տեղափոխել էդ շենքերի մեջ և կամաց-կամաց... բայց դա պետական ծրագիր է։ Ի դեպ, եթե մենք մի շենքում կարողանում ենք մեկ երրորդը կամ կեսը տեղավորել նրանց, ում քանդել ենք, մնացած կեսը արդեն կարելի է վաճառել։ Դրանք [վնասված կամ ոչ-սեյսմակայուն շենքերը] պետք է կամաց-կամաց հանել շահագործումից։ Կան մի քանի ձևեր. կարելի է նաև թողնել շահագործման մեջ, բայց ապամոնտաժել մի քանի հարկը՝ թեթևացնելու շենքի վիճակը»։

«Քաղաքի դեմք հանդիսացող շենքերն էլ ամրացնել է պետք»,- շարունակում է մասնագետը՝ ընգծելով, որ սա ևս պետական լուրջ ծրագիր պետք է լինի. - «Ամեն մեկը իր բնակարանը ուժեղացնելով չի լինի։ Կոմպլեքս ծրագիր է պետք անել. ժամանակավոր տեղափոխել, հետո սարքել, ուժեղացնել ու հետ տալ բնակիչներին։ Դա պարտադիր պայման է, պետք է գնալ այդ ճանապարհով։ Վատը նա է, որ դրանով դեռ չեն զբաղվում»։

Ի դեպ, երեկ այս հարցը նաև Ազգային ժողովում բարձրացվեց։ Տարածյաին կառավարման նախարար Գնել Սանոսյանն ընդամենը ասաց, որ հիմա շենքերի գույքագրման պրոցեսն է ընթանում, փորձում են հասկանալ որ շենքն ինչ վիճակում է և ինչի կարիք ունի։

Բավական է մի փոքր զբոսնել քաղաքում ու տեսնել՝ ինչպես է ձևախեղվել Երևանը։ Այս ընթացքում շենքերի տանիքների վրա հարկեր են աճել, նկուղներն ավելի են խորացել, պատշգամբները մետաստազի պես տարածվում շենքով մեկ՝ ավելի հյուծելով արդեն իսկ մաշված ու քայքայված բնակֆոնդը։

Հարցին, թե ով է թույլ տվել այս ամենը, Գրիգոր Ազիզյանն արձագաքեց. - «Դա մեր քաղաքն է տալիս։ Ասել, որ դա վերացել ա՝ ոչ։ Անօրինականությունը դեռ շարունակվում է»։

Երևանի քաղաքապետարանից միայն հայտնում են, թե քաղաքաշինական նորմերը չխախտած շինությունները, որոնք վտանգ չեն ներկայացնում, կօրինականացվեն, մնացածը կքանդվեն։ Ու քանի դեռ չկա «ե՞րբ» հարցի պատասխանը, շենքերն այլանդակող կցակառույցներն այս ընթացքում շարունակում են աչք ծակել, սարսափ ներշնչել ու մտորումների տեղիք տալ՝ ինչ կլինի, եթե հանկարծ ...