Մատչելիության հղումներ

Երևանը ամենամեծ սեյսմիկ ռիսկ ունեցող բնակավայրն է. փորձագետ


Երևանը ամենամեծ սեյսմիկ ռիսկն ունեցող բնակավայրն է, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը:

Օգտատերերի հարցին՝ Թուրքիայի երկրաշարժը կարո՞ղ է երկրաշարժ հարուցել Հայաստանում, Նազարեթյանը պատասխանեց, որ «հավանականությունը աննշան է»:

Մասնագետը բացատրեց. «Թուրքիայի երկրաշարժը տեղի է ունեցել Արևելա-անատոլիական բեկվածքի վրա, որը չի մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, բացի այդ՝ փակվում է Հյուսիս-անատոլիական բեկվածքով: Եվ հեռավորությունը բավականին մեծ է՝ 700 կիլոմետր, այնպես որ բացառվում է այդպիսի ազդեցություն Հայաստանի տարածքի վրա»:

«Ազատության» դիտարկմանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանն ասում է, որ իր ուսումնասիրությունները փաստում են՝ սեյսմիկ ակտիվության անոմալ դրսևորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև Իրանում, Հայաստանի հյուսիսում, Վրաստանում, Ադրբեջանում և պրոցեսը դեռ շարունակվում է, Նազարեթյանն արձագանքեց. - «Ընդհանրապես ասում են, որ երկրագնդի վրա բոլոր օջախները, տեկտոնական պրոցեսները միմյանց հետ կապակցված են, համաձայն եմ, էդպես որ լինի, պետք է աշխարհի ցանկացած երկրաշարժ աշխարհի մյուս ծայրում երկրաշարժ հարուցի: Ես ասում եմ՝ Մարաշի երկրաշարժը կապված է Արևելա-անատոլիական բեկվածքի հետ, էդ բեկվածքը ՀՀ տարածք չի մտնում, իսկ հետցնցումները, ակտիվացումը գնում է բեկվածքի ուղղությամբ, կողքերը չի կարող ընկնել: Եվ մյուս հատող Հյուսիս-անատոլիական բեկվածքը փակում է, և էպիկենտրոնների քարտեզի վրա երևում է, որ այդ փակվելուց հետո այն կողմ չեն շարունակվում երկրաշարժերը»:

Մեկնաբանելով սեյսմոլոգներից մեկի կարծիքը, որ Հայաստանում եթե 6-8 բալլ երկրաշարժ լինի, հատկապես Երևանում շենքերի մեծ մասը հողին կհավասարվի, Նազարեթյանը նշեց. «Դրա մեջ ճշմարտություն կա, 6 բալլի մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ 7-ի, բայց 8 բալլի դեպքում կլինեն իսկապես մեծ ավերածություններ: Մեր մայրաքաղաքը՝ Երևանը, իսկապես ամենամեծ սեյսմիկ ռիսկ ունեցող բնակավայրն է, հատկապես 1957-ից մինչև 1989 թվականը կառուցված բազմաբնակարան շենքերը, դպրոցների շենքերը և հիվանդանոցների շենքերը սեյսմիկ տեսակետից խիստ խոցելի են»:

«Երևանում ունենք մոտավորապես 8 խոշոր տիպի շենքեր՝ դրանք տիպարային շենքերն են, դրանցից երկուսը միանշանակ խիստ սեյսմակայուն են՝ միաձույլ բետոնից կառուցված շենքերը 3-4 հարկանի՝ ժողովուրդն ասում է կասետային շենքերը, մոտ հազար է դրանց քանակը: Շատ մտահոգող է Երևանի բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության հիմնախնդիրը՝ պիտի էս հարցի վրա Կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի, որովհետև այդ խոցելի շենքերի քանակը շատ շատ մեծ է, զոհերը կլինեն, օրինակ, ճապոնացիները գնահատել էին՝ մոտ 83 հազար զոհ 9 բալլի դեպքում, ես համոզված եմ, որ իրենց գնահատումները քիչ են, ավելի մեծ զոհերի թվի մասին պետք է խոսել: [Այդ ուսումնասիրությունները] կատարվել են 2011, 12 թվականներին», - ասաց փորձագետը:

Նորակառույց շենքերը, ըստ Նազարեթյանի, «անհամեմատ սեյսմակայուն են՝ դրանք նախագծում են 9 բալլի հաշվարկով, առաջ նախագծում էին 7-8 բալլի հաշվարկով»:

Հարցին էլ՝ որքա՞ն է Հայաստանում երկրաշարժի հավանականությունը, փորձագետը պատասխանեց. «Միլիոնավոր տարիներ մեր հանրապետության տարածքում եղել են երկրաշարժեր և ապագայում ևս կլինեն, դա պարտադիր է, երկրաբանության տեկտոնիկայի օրենքն է»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG