Ադրբեջանը պատրաստ է բանակցել խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ, մինչդեռ Հայաստանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին և միշտ պատրաստ է դրան», - "Интерфакс-Азербайджан"-ի փոխանցմամբ՝ ասել է Հաջիզադեն։
Նրա փոխանցմամբ՝ խաղաղ համաձայնագրի առաջարկները, որոնց մասին երեկ Բեռլինում ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է 15 օր առաջ։
«Ինչպես հետևում է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունից, խոսելով բանակցային գործընթացի մասին՝ հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, [....] խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»», - ասել է Այխան Հաջիզադեն։
Արարատ Միրզոյանը նախօրեին Բեռլինում գերմանացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ «Երևանը ստացել է Բաքվի պատասխանը և այժմ աշխատում է դրա վրա», - ասաց Հայաստանի ԱԳ նախարարը՝ շեշտելով. - «Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկներ և շարունակելով քննարկումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից․ Միրզոյան