Երկրաշարժի հետևանքով Սիրիայում առնվազն չորս հայ է զոհվել, ևս երկուսը՝ Թուրքիայում

Վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայում չորս հայ է զոհվել, ազգությամբ երկու հայ էլ թուրքական Մալաթիայում է մահացել, փոխանցում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից։

Սիրիայում մահացածներից երկուսը մայր և որդի են, «Ազատությանը» փոխանցեց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը, մյուս երկուսի ինքնությունը դեռ հայտնի չէ:

«Բնակարանի մեջ՝ փլատակներից տակից մի հայ ընտանիք դուրս բերեցին: Մայրը և փոքրը զոհվել են, դժբախտաբար, իսկ հայրը և դուստրը հիվանդանոցում են, նրանք վիրահատության են ենթարկվում», - ասաց նա։

Պողիկյանի ղեկավարած լրատվամիջոցը ֆեյսբուքյան էջում նաև լուսանկար է հրապարակել, թե ինչպես են հորն ու դստերը դուրս բերում փլատակներից։

Երկու հարևան երկրներն այս գիշեր ցնցած երկրաշարժն արդեն մոտ 2000 մարդու կյանք է խլել։ Թվերը շարունակ աճում են։

Զարմիկ Պողիկյանը պատմում է՝ ցնցումները շարունակվել են մինչև լուսաբաց, բոլորը սարսափած են. «Մենք մեր բնակարանների մեջ էինք, շատ ուժեղ էր ու երկար տևեց»։

Տեղի հայկական դպրոցներում, եկեղեցիներում, այլ հաստատություններում այժմ երկրաշարժի վնասներն են հաշվարկում, բոլոր շենքերում փլուզումներ, ճաքած պատեր կան։

Հալեպի հայերի փոխանցմամբ՝ այժմ քաղաքում ոչ ջուր կա, ոչ հոսանք, նաև կապն է խնդիր։ «Ազատությանը» դժվարությամբ հաջողվեց հեռախոսով զրուցել նրանց հետ։

«Առավոտ 4 անց էր, որ սկսվեցին երկրաշարժի ցնցումները, սկզբից էդքան ուժեղ չէր, հետո բավական զորավոր, մենք այսչափ երկրաշարժի չէինք հանդիպել», - ասում է Ռուբեն Գևորգյանը։

Նա պատմում է՝ վնասված տներում ապրողներն այժմ հարազատների մոտ են։ Իրենց շրջապատից հայերի շարքում այս պահին առանց տանիք մնացածներ չկան. «Ամեն մարդն իր գլխի ճարը նայել է, իր բարեկամների տանն է, բայց գալիք ժամերին արդեն կարող է պատկերը փոխել, վերջիվերջո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնակարանները»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ տուժածների վերաբերյալ տեղեկություն ստանալու ու օգնության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիների համար թեժ գիծ է բացվել։ Երկրաշարժի կապակցությամբ երկու երկրներին ցավակցել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ նաև օգնության պատրաստակամության է հայտնել։ Ավելի ուշ Արտգործնախարարության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, թե այժմ քննարկվում է և Սիրիային, և Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։