Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն 55 օր

APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, «էկոակտիվիստները և ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են ակցիաները, որոնցով բողոք են հայտնում ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման դեմ»:

Գործակալությունը հաղորդում է, որ ակցիայի 55-րդ օրը մեկնարկել է Ադրբեջանի պետական օրհներգի կատարումով:

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ո՛չ մեր պաշարների թալանին», «Պաշտպանենք բնությունը, դատապարտենք շահագործումը», «Բնությունն ազգություն չունի», «Ադրբեջանի ժողովուրդը կպաշտպանի իր հարստությունները», «Ադրբեջանը քնած չէ, նա է իր բնական հարստությունների տերը», «Վերջ էկոհանցագործություններին» կարգախոսները:

Որպես «էկոակտիվիստ» ներկայացող այդ մարդիկ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, որով անարգել անցնում են միայն ռուսաստանցի խաղաղապահների բեռնատարները:

Պարբերաբար ադրբեջանական կողմը թույլատրում է Կարմիր խաչի ուղեկցությամբ շտապօգնության մեքենաների երթևեկությունը և խիստ սահմանափակ չափով պարենի փոխադրումը:

Բաքուն պնդում է, թե ճանապարհն ազատ է: Միջազգային ատյանները դատապարտում են «էկոակտիվիստ» ներկայացող մարդկանց գործողությունները և Բաքվից պահանջում են անհապաղ բացել միջանցքը: