Ռուսաստանն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում Ռուսաստանի իր գործընկերոջ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը՝ ընդգծելով՝ «ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում»:
«Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա շատ կարևոր և զգայուն հարց է երկկողմ հարաբերություններում:
«Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում, և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով», - նշել է նա:
Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ. -«Մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները»:
«Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները», - հավելել է Հայաստանի վարչապետը:
Ռուսաստանի վարչապետն իր հերթին նշել է. «Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»։
Միխայիլ Միշուստինն անդրադարձել է առևտրատնտեսական համագործակցությանը։Նա նշել է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021-ի համեմատ աճել է 77 տոկոսով։ «Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է փոխադարձ առևտրում», - ընդգծել է նա։
«Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում և դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին:
Գործում է մինչև 2025 թ. տնտեսական համագործակցության ծրագիրը։ Մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև Ռուսաստանյան արտահանման կենտրոնի միջոցով։ 2022 թ.-ի ընթացքում մենք կազմակերպել ենք 24 բիզնես առաքելություն Հայաստան՝ Ռուսաստանի տասնյակ մարզերի մասնակցությամբ», - ներկայացրել է ՌԴ վարչապետը։
Հայաստանի վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր է ժամանել Ղազախստան: Փաշինյանը կմասնակցի նաև Digital Almaty Awards միջազգային համաժողովին: