Բեռլինն արտոնեց Leopard 1 տեսակի հրասայլերի տրամադրումը Կիևին

Leopard 1 տեսակի գերմանական հրասայլեր , արխիվ, Տուրնե, Բելգիա:

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես արտոնեց Leopard 1 տեսակի հրասայլերի տրամադրումն Ուկրաինային: Այդ մասին հայտնեց կառավարության խոսնակ Շտեֆան Հեբեշտրայտը:

«Կարող եմ հաստատել, որ թույլտվությունը տրվել է, այլ ինֆորմացիա չունեմ»,- ասել է խոսնակը:

Գերմանիայի բանակն այլևս չի օգտագործում Leopard 1 տեսակի հրասայլեր: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ դրանք արտադրած գերմանական գործարանները պահեստներից կարող են այդ զրահատեխնիկան ուղարկել Ուկրաինա:

Հունվարի 25-ին Միացյալ Նահանգները հաղորդել է, որ Կիևին կփոխանցի M1 Abrams տեսակի 31 հրասայլ: Նույն օրը Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Ուկրաինա կուղարկի Leopard 2 տեսակի 14 հրասայլ և ուրիշ երկրներին թույլ կտա դրանք տրամադրել Կիևին:

Ենթադրվում է, որ գերմանական զրահատեխնիկան Ուկրաինա կհասնի մարտ-ապրիլ ամիսներին:

Ուկրաինային զրահատեխնիկա են խոստացել նաև Բրիտանիան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիան և Ֆրանսիան:

Կիևում հուսով են զրահատեխնիկայի մատակարարման առաջին փուլում 12 երկրներից ստանալ մոտ 140 հրասայլ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով, որոնց վրա խաչեր կան». Պուտին