Երևանում մահացած արցախցիների հարազատները չեն կարողանում նրանց մարմինները Արցախ տեղափոխել, հուղարկավորել

Այսօր Ստեփանակերտից Կարմիր խաչի մեքենաներով 6 հիվանդներ են տեղափոխվել հայաստանյան մասնագիտացված բուժկենտրոններ՝ նրանք ուռուցքային ու սիրտանոթային խնդիրներ ունեն։

Շրջափակման 53 օրերի ընթացքում Լաչինի միջանցքով Երևան է տեղափոխվել է շուրջ 64 հիվանդ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ։ Ճանապարհը, սակայն, մնում է փակ, Երևանի դիահերձարաններում ավելի քան մեկ տասնյակ մարմիններ կան, այստեղ մահացած արցախցիներն են, հարազատները նրանց տուն հասցնել, հուղարկավորել չեն կարողանում:

«Օպերատիվ շտաբում ամենօրյա կտրվածքով դիակները տեղափոխելու մասով բանակցություններ են ընթանում թե՛ ռուս խաղաղապահների, թե՛ Կարմիր խաչի հետ, և երեկ օպերատիվ շտաբի պետը հույս հայտնեց, որ մոտ օրերս՝ 1-2 օրվա մեջ էդ հարցը կկարգավորվի», - նշեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Գալստյանն ասում է՝ հարազատներից է բազմաթիվ դիմումներ ստացել, որպեսզի ի վերջո լուծվի այս հարցը. - «Կան նաև դեպքեր, երբ ծանր հիվանդին տեղափոխել են, և, ցավոք սրտի, չեն կարողացել կյանքը փրկել ու մահացել է»:

Բլոկադայի 8-րդ շաբաթն է՝ արցախցիներն ապրում են հոսանքի հովհարային 6-ժամյա անջատումների գրաֆիկով ու գազարի, ձվի, քաղցրավենիքի ու հիգիենիկ պարագաների համար գոյացած հերթերում:

Օրական Հայաստանից 400 տոննա բեռ էր մտնում Արցախ, հիմա, ըստ պետնախարարի, մատակարարվում է դրա չնչին մասը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահ զորակազմի կողմից։

«Մթերքները իրականում էդքան էլ չի լուսաբանվում՝ որտեղից, ոնց, յուրաքանչյուրն ինքն իրեն ինչ-որ ենթադրություններ է անում, բայց մենք գիտենք, որ խաղաղապահները որոշակի օգնում են այս հարցում, միանշանակ պետության, այսինքն, կառավարության համակարգման, ղեկավարման օգնությամբ: Էդպես ենթադրվում է, որ հենց երկուսի համագործակցությամբ էլ որոշ ապրանքներ շատ քիչ քանակով կարողանում են բերել, շուկա լցնել ու մի օր է տևում: Այսինքն՝ հաջորդ օրը նույն ապրանքից չի լինում, չես կարողանում էլ գտնես», - ներկայացրեց բնակիչներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման 52-րդ օրը Ստեփանակերտում սկսել են նարինջ և մանդարին վաճառել