Ազատ գյուղի զինվորների կացարանի սպան՝ կապիտան Եղիշե Հակոբյանը մեղադրյալ է։ Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Կապիտանը ցուցմունք չի տալիս։
«Ձեր կողմից նշված անձին հարցաքննելու քննչական գործողությունը կատարելու ուղղությամբ վարույթ իրականացնող մարմինը բնականաբար նախաձեռնություն ցուցաբերել է, սակայն անձը, օգտվելով իր դատավարական իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց», - «Ազատությանն» փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ողբերգական հրդեհին հաջորդած այս 13 օրերին՝ երեկ ներառյալ, Քննչական կոմիտեի մամլո խոսնակն ասում էր՝ բուժկենտրոնում գտնվող սպային դեռ չեն հարցաքննել, առողջական վիճակից ելնելով։ Բուժհաստատությունից ամեն օր տեղեկանում էինք, որ դրական դինամիկա կա, Եղիշե Հակոբյանը գիտակցություն ունի, խոսել կարող է։ Հակասական այս տեղեկատվության ֆոնին հիմա էլ սպան է հրաժարվում ցուցմունք տալուց։
Իսկ նա,15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պաշտոնական վարկածով, գլխավոր գործող անձն է. ըստ իրավապահների՝ բենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել ու փորձել է դրանով թեժացնել վառարանի կրակը։ Կապիտան Հակոբյանն այժմ Այրվածքաբանության կենտրոնում է դեմքի, ձեռքերի ու ոտքի այրվածքներով։
Կարինե Բաբայան Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը փոխանցեց, որ նրա բուժումը շարունակվում է։
Նույն կենտրոնում նրա հետ բուժումը շարունակում է ժամկետային Լյովա Խառատյանը, իսկ Գարուշ Սարգսյանը՝ այն զինվորը, ով, իր պատմելով, հրդեհի ժամանակ ննջարանի պատուհանի ճաղերի արանքից էր դուրս եկել -փրկվել, այսօր տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Մինչև այժմ ողբերգական հրդեհի գործով ևս երկու զինվորականների էր մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար։ Ըստ իրավապահների, նրանք զինվորական կացարանը չէին ապահովել հրդեհից պաշտպանվելու միջոցներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական կացարանում հրդեհի գործով երկրորդ սպան է կալանավորվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 զինծառայողի մահվան գործով զորամասի հրամանատարի տեղակալը կալանավորվեցԿապիտան Եղիշե Հակոբյանի բնակավայրում նրան քչերն են ճանաչում, քանի որ զինվորական կրթություն է ստացել ու անցել ծառայության։
«Ես գիտեմ էն, որ էդ տղան 14 տարեկանից զինվորական գործի հետ է կապված։ Սկզբից Մոնթե Մելքոնյան, հետո Վազգեն Սարգսյան, մասնակցել է բոլոր երեք պատերազմներին։ Ամենակարևորը՝ 44-օրյա պատերազմի մասնակից է... հրաշքով է փրկվել էդ երեխան։ Ու ես չեմ կարծում, որ էսքան տարի զինվորական գործի մեջ եղող տղան կարող է նման կոպիտ սխալներ անել։ Ես չեմ հավատում այդ պաշտոնական վարկածին», - ասում է հարևաններից մեկը։
Պաշտոնական վարկածին չեն հավատում նաև զոհված զինծառայողների հարազատները։ Ծնողներից մեկը զինվորների՝ սպայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին է խոսել, բոլորով չեն հավատում, որ տղաները կարող էին քնած մահանալ, երբ մի քանի մետրի վրա Հակոբյանը այրվածքներ է ստացել , նույն սենյակից երկու զինծառայող կարողացել են վանդակաճաղերի արանքով դուրս գալ։
Եղիշե Հակոբյանին ճանաչող մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասում է՝ ուշադիր սպա էր, միշտ զորամաս էր վերադառնում քաղրավենիքով՝ «էրեխեքի համար». - «Երեխաներին տանեք-լցնեք անհասկանալի է որտեղ, հետո ասեք՝ հակահրդեհային պայմաններ չկան։ Սովորական գյուղի տուն է, ի՞նչ հակահրդեհային պայմանների մասին է խոսքը։ Ի՞նչ եք հեքիաթ պատմում։ Մի՞թե չեք կարող մոդուլային տնակներ դնել, և երեխաներին դնել մեջը ու պահպանել հակահրդեհային կանոնները։ Տարել-լցրեք եք գյուղի տան մեջ, փեջը վառում եք ու ուզում եք հակահրդեհային պայմաննե՞ր լինի... հնարավոր չի»։
28-ամյա կապիտանի խնամքին մայրն է՝ առաջին կարգի հաշմանդամությամբ։ Հիվանդանոցում նրան խնամողը ազգականն է, որն ասում է. - «Ես կգնամ մինչև վերջ»։
Հրդեհի զոհ դարձած զինվորների հարազատները օբյեկտիվ քննություն են պահանջում։ «Մեղադրանք են առաջադրում, որ մի քիչ իրանց արդարացնեն», - ասում է զոհվածներից Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Մանուկյանը։
Զոհված սերժանտ Արամ Մանուկյանի պապն ասում է՝ Պաշտպանության նախարարը պիտի հեռանար մինչև այս մեղադրանքների շքերթը։