Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Զինված ուժերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստում հրատապ քննարկում է նախաձեռնել՝ ակնկալելով, որ դրան կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այնպիսի խայտառակ փաստեր կներկայացնենք համապատասխան ատյաններին, որ մեր աչքով ենք տեսել, որը ամենօրյա մեր աշխատանքով արձանագրել ենք», - ասաց խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը, ով հրատապ քննարկմանը հանդես է գալու որպես հիմնական զեկուցող:
Նա նշում է, որ Զինված ուժերում խայտառակ բացթողումների մասին պետք է պարզաբանումներ ստանան հենց պաշտպանության նախարարից. «Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց հարցում, որոնց շուրջ պետք է խոսվի, որոնց շուրջ պետք է պաշտպանության նախարարի առջև հստակ պահանջներ դրվեն»:
«Ազատության» հարցին, թե 15 զինծառայողների կյանքը խլած ողբերգական դեպքի հետ կապված քննարկում ուզո՞ւմ են ունենալ, ասաց. «Բնականաբար, սա ամենախայտառակ արտառոց դեպքերից մեկն է, բայց կրկնում եմ՝ մենք առաջնագծում բազմաթիվ այլ խնդիրներ ենք արձանագրում, արձանագրում ենք ընդհանրապես Զինված ուժերի կառավարման, Զինված ուժերի միասնականության, Զինված ուժերը մեկ ընդհանուր համակարգով գործելու շուրջ եղած ուղղակի խայտառակ բացթողումներ, որոնց մասին պետք է նաև խոսվի, և այս առումով շատ կարևոր է պաշտպանության նախարարի ներկայությունը: Սա ընդդիմության կողմից շոու չէ, դրա համար նույնիսկ պատրաստ ենք փակ քննարկմանը, որպեսզի լինի առարկայական քննարկում: Ակնկալում ենք, որ կախաղան չենք բարձրացնելու, այլ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորի՝ Զինված ուժերի հետ կապված խնդիրներ ենք քննարկելու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետըԵթե Սուրեն Պապիկյանը հրաժարվի մասնակցել, ապա գուցե հաջորդ երեքշաբթի նախատեսված քննարկումը տեղի չունենա, որովհետև Գեղամ Մանուկյանի խոսքով, անիմաստ է խնդիրները բարձաձայնել և չհասկանալ դրանց լուծման ուղիները, հատկապես, որ այս պահին Զինված ուժերում բազմաթիվ հրատապ հարցեր կան, որոնք շատ կարճ ժամանակում պետք է լուծվեն։
«Հակառակ դեպքում ամեն օր մենք դեմ առ դեմ հանդիպելու ենք ողբերգությունների, մեր երկրի ինքնիշխանության կորստի, ինքնիշխան տարածքների կորստի», - նկատեց պատգամավորը:
44-օրյա պատերազմի հետո, ըստ Գեղամ Մանուկյանի, նոր ձևավորված հսկայական առաջնագիծը կարգի բերելու ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանք կատարվեր, ինչը չի արվել, իշխանությունն ավելի շատ իր փիառի, քան խրամատը կամ զինվորի կացարանն ավելի ապահով դարձնելու մասին է մտածել։
15 զինծառայողների ողբերգական մահն, ըստ Մանուկյանի, Զինված ուժերում առկա բացթողումների մասին է վկայում, որի համար պատասխանատու է ռազմաքաղաքական ղեկավարությունը. «Թե ինչու ՀՀ ԶՈՒ զինծառայողը պետք է ոչ թե կահավորված, անվտանգությամբ ապահովման բոլոր միջոցները ձեռնարկված զորանոցում տեղակայվի, այլ դրա փոխարեն տեղակայվի ինչ-որ հյուղակում: Հիմա ինչպես ասենք՝ Ջերմուկի առաջնագծում ստեղծված իրավիճակի պատասխանատուն միայն ստորին հրամանատարական կազմն է: Չասեմ, ուղղակի էդ հոխորտացող իշխանական պատգամավորներն այնտեղ եղել են, թե չէ, լացելով դուրս կգան»:
Իշխանությունից արձագանքում են
Իշխանությունից հակադարձում են՝ մեծ աշխատանք է տարվում առաջնագծում:
Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է՝ Գեղամ Մանուկյանն անձամբ է տեսել կատարված աշխատանքը. «Որ աշխատանք չի կատարվում, դա միանշանակ սուտ է, վատ ու զազրելի սուտ է որպես այդպիսին, որովհետև շատ մեծ աշխատանք է տարվում առաջնագծի թե կահավորման առումով, թե մնացած մյուս բոլոր հանգամանքների մասով, ամբողջ առաջնագծով մեկ որպես այդպիսին, նաև Ջերմուկի ուղղությամբ, այո: Ու հենց Գեղամ Մանուկյանն էլ առաջնագծում վերջերս է եղել ու տեսել է տարվող աշխատանքը որպես այդպիսին: Այն, որ տեղեր կլինեն, բնականաբար, որտեղ այդ աշխատանքը որոշակի թերացումներով տարված կլինի, դա բացառել չեմ կարող»:
Հարցադրմանը՝ «հիմա հանրությունն ո՞ւմ հավատա, իրար հակասող այս մեկնաբանություններն ինչո՞վ բացատրել», Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ֆիքսենք, ես չեմ ասում, որ ամբողջությամբ կահավորել ենք, ես ասում եմ, որ ահռելի աշխատանք է տարվում, ու ես ասում եմ, որ այդ աշխատանքը նաև շատ դժվարությամբ է տարվում, որովհետև մեր դիրքերն ուղիղ նշանառության տակ են, ու այդ աշխատանքը միշտ չի, որ հեշտ է տարվում: Շատ հաճախ դրանք դժվարամատչելի տեղերում են, ու այդ ամեն ինչը շատ դժվար է արվում, բայց ես միանշանակ պնդում եմ, որ այդ աշխատանքը տարվում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»Մինչ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը փորձում է հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստում քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, իշխանական մեծամասնությունը այդ նույն ժամանակահատվածում պատրաստվում է քննարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Գեղամ Մանուկյանն ասում է, թե ընդդիմության առաջարկած հրատապ քննարկումը կապ չունի իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ։ Փոխարենը ընդդիմադիր պատգամավորը պատահական չի համարում, որ Օհանյանին և Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազությունը միջնորդություն ներկայացրեց Ազատ գյուղում տեղի ունեցած զինվորների ողբերգական մահվան հաջորդ իսկ օրը՝ «այդ կերպ փորձելով հանրության ուշադրությունը շեղել» ահասարսուռ այդ դեքպից, սակայն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հասարակությունն իշխանության այդ խայծն այս անգամ կուլ չտվեց։
Հավելենք, որ Ազգային ժողովից փոխանցեցին, որ դեռևս պարզ չէ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդ շաբաթ կայանալիք հրատապ քննարկմանը կհրավիրվի խորհրդարան, թե ոչ: