Գուցե ինչ-որ հետքեր մաքրելու համար են հրդեհել մեր զինվորների կացարանը։ Զինծառայողների հարազատների հարցերը դեռ անպատասխան են։ 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով նոր ձերբակալված կա՝ զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ. Ս.ն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետըԾնողների համար, սակայն, սա ոչինչ չնշանակող մի բան է։
«Ձերբակալելը քիչ ա։ Հլը թող մի հատ նախարարը հրաժարական տա, եթե նա իսկական մարդ ա։ Նախարարը պտի հրաժարական գա», - ասում է զոհված Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը։
Իսկ Միշա Դումիկյանը (զոհված Կարեն Դումիկյանի հայրը) հավելում է. - «Իմանանք մեղավորին... պատժեն։ Դիտավորյալ սպանություն։ Չեմ հավատում իրանց ասածին»։
Զինվորների հարազատները դժգոհ են։ Նրանք չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն հավատում, որ մի փոքրիկ սենյակում 15 զինծառայող քնած է մնացել ու այրվել՝ վառարանի կրակի վրա բենզին լցրած սպայի գործողությունների հետևանքով։
«Ներսի՞ թշնամին ա արել, թե՞ դրսի թշնամին ա արել։ Դա պտի Փաշինյանը պարզեր», - պնդում է Արտյոմ Գրիգորյանը։
Այսօր զինվորական անփութության հոդվածով ձերբակալված մայորը, ըստ իրավապահների, ինժեներասակրավորային վաշտը չի ապահովել հակահրդեհային պաշտպանության միջոցներով։
Ողբերգական հրդեհից հետո երկրորդ զինվորականն է անազատության մեջ հայտնվում. օրեր առաջ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանը կալանավորվեց նույն հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 զինծառայողի մահվան գործով զորամասի հրամանատարի տեղակալը կալանավորվեցԱզատ գյուղի զինվորների տանը հարազատները բազմաթիվ անգամներ են եղել ։ Ասում են՝ մարդու ապրելու համար որևէ պայման չկար ի սկզբանե, ուր մնաց թե այդտեղ կրակմարիչներ, հակահրդեհային միջոցներ լինեին։
«Կոպիտ ա հնչում, որ ես ասեմ էրեխեքն են ընտեղ ապրել։ Ես գոմ ունեմ՝ դրանից ավելի կահավորված ու մաքուր։ Ընդեղ էրեխեքն են կազմակերպել, արել, դաժե պատ են շարել», - ասում է Արտյոմ Մանուկյանը։
Արամ Մանուկյանի պապը, Միշա Դումիկյանի, Ռոստոմ Ասրյանի հայրերը այսօր փաստաբան Նորայր Նորիկյանի հետ հանդիպման էին եկել։ Փաստաբանը հայտարարել էր, թե ստանձնում է զոհված զինծառայող Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի՝ որպես տուժողի պաշտպանությունը։ Նորիկյանն այսօր ասաց ՝ պատրաստ է մասնագիտական աջակցություն ցույց տալ բոլոր 15 ընտանքիներին. - «Եթե ծնողները ցանկանան, տասնհինգի պաշտպանությունն էլ, ընդ որում՝ զուտ մարդկային առումով, որովհետև ինձ համար էս ողբերգությունը ամենավերջին կաթիլն էր, որը հատեց համբերության բոլոր սահմանները»։
Դեպքից ժամեր անց վարչապետ Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց դեպքը, և հենց դա էլ մնաց գլխավոր վարկած։ Գործադիրի վերջին նիստում թե' Քննչական կոմիտեի ղեկավարը, թե' Գլխավոր դատախազը վերահաստատեցին՝ վարչապետի հրապարակած վարկածն է մնում հիմնականը։
Սա, ըստ փաստաբանի, պրոֆեսիոնալիզմի բացակայություն է. այդ հիմնական վարկածը ներկայացնելիս, զինծառայողների գենետիկ փորձաքննություններն ավարտված չէին. - «Էդպիսի հայտարարությունները կասկածի մթնոլորտ են ձևավորում։ Ես ուղղակի հորդորում եմ վերջ տալ էս ամեն ինչ իմանալու, բոլոր հարցերին արձագանք տալու էս արատավոր պրակտիկան»։
Նորիկյանը խոստանում է ծնողների հետ սեփական հետաքննությունն անել՝ այս զգայուն գործը բացահայտելու համար. - «Էս հրդեհով ինչ-որ դեպքե՞ր ա կորցվել, թե՞ էս հրդեհը փնթիության հետևանք ա»։
Գլխավոր հանելուկն այն է, թե ինչպես են տղաները քնած մնացել փոքրիկ այդ զորանոցում երկհարկանի մահճակալների վրա, երբ նույն սենյակից երկու հոգի ճաղավանդակի արանքով դուրս են եկել, մի քանի մետր այն կողմ սպան ծանր այրվածքներ է ստացել։ Մի՞թե ոչ մի ձայն չի արթնացրել նրանց. - «Էրեխեքը չէին կարա փախնելու փորձ չանեին, էրեխեքը չէին կարա էդտեղից ազատվելու բան չանեին... Էն, որ էրեխեքը անկողնու վրա էդ դիրքով անշնչացած են եղել, նշանակում ա մի բան՝ որ էդ հրդեհը առաջացել ա էն ժամանակ, երբ որ էրեխեքը, եթե մահացած էլ չեն էղել, գոնե անգիտակից են էղել»։
Ի՞նչ է նախորդել հրդեհին։ Կռիվ, ասում է Ռոստոմ Ասրյանի հայրը։ Որդուց է լսել սպայի հետ լարված հարաբերությունների մասին։ Հայրն ինքն էլ միայն վերջին 4 ամսում 9 անգամ այդ տուն է գնացել։ «Ինչեր կիմանամ», -ասում է. - «Ես պակրիշկա եմ տարել չորս ավտո, ես սնունդ եմ տարել իրանց համար... Էդքան բանը տենողը ինչե՞ր կիմանա»։
Նորայր Նորիկյան միայն փաստաբան չէ, նա «Արդար Հայաստան» կուսակցության նախագահն է ու մինչև նախորդ տարվա ամառը մի քանի այլ արտախորհրդարանական ուժերի հետ մասնակցում էր վարչապետի հետ հանդիպումներին։ Փաշինյանը 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո առանձին էլ ընդունեց Նորիկյանին՝ ափսոսանք հայտնեց, որ անհրաժեշտ ձայներ չհավաքեցին։
Արդյոք Նորայր Նորիկյանը կներկայացնեի բոլոր 15 ծնողների շահերը։ Զինվորների հարազատներն ասացին՝ դեռ որոշում չունեն։