«Վեոլիա»-ին տալիս ենք երեք օր ժամանակ», - սա վանաձորցիների զգուշացումն է ջրամատակարարող ընկերությանը։ Քաղաքի ծայրամասային թաղամասերում արդեն մեկ շաբաթ ծորակները չոր են։
Երեկ մոտ 3000 բնակիչ ունեցող «Բազում» թաղամասում «Վեոլիա»-ին ամոթանք տվող ցուցանակներով փողոց էին դուրս եկել։
«Մեր փոքր երեխաներին ինչպե՞ս բացատրենք, որ չես կարող օգտվել զուգարանից», -ասաց հավաքվածներից մեկը:
Վանաձորցիներն ստեղծված վիճակի համար մեղադրում են Հայաստանի միակ ջրամատակարարող ընկերությանը՝ «Վեոլիա Ջրին»։ Բաժանորդները դժգոհ են՝ պայմանագրերը թղթի վրա են մնացել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են՝ Հայաստանում ջուրը կտրուկ պակասել է, եղածն էլ՝ սառցակալել, և որ «ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից»։ Ընկերությունն իր պաշտոնական էջում հրապարակել է սառցակալած ջրաղբյուրների կադրեր, թե ինչպես են իրենց մասնագետները կոտրում սառույցները։
«Հայաստանի որոշ բնակավայրեր՝ Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան և այլ քաղաքներ, լիովին կամ մասնակի ջուր են ստանում մակերևութային աղբյուրներից՝ հիմնականում լեռնային գետակներից, որոնք ներկայում տեղումների խիստ անբավարարության պատճառով սակավաջուր են դարձել: Դրան էլ ավելացել է շատ ցածր ջերմաստիճանը սարերում, ինչի հետևանքով գետերը և ջրի մաքրման կայանների ջրընդունիչները սառցակալել են», - ասված է հաղորդագրությունում:
Բնակիչները չեն ընդունում ընկերության արդարացումները։ Անջուր վիճակը դեռ անցած տարվա սեպտեմբերից է։ Մինչ այդ իրենց թաղամասում շուրջօրյա ջուր են ունեցել։ Դրանից հետո ժամանակ առ ժամանակ փաստի առաջ կանգնել՝ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարումը գրաֆիկով է դարձրել։
«Ես չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում անկանոն գրաֆիկ, նոր տերմին են հնարել, հայերը ծանոթ չեն այդ տերմինին», - հայտարարեց հավաքվածներից մեկը:
Վերջին մեկ շաբաթում մի քանի անգամ միայն գիշերային ժամերին ցածր հարկերում մի կերպ շշերն են կարողացել լցնել։ Երեք օր առաջ էլ «Վեոլիա»-ն մի մեքենա ջուր է հասցրել թաղամաս՝ բաշխելու՝ ում որքան կհասնի։
Նույն վիճակն է նաև Դիլիջանում։ Ոչ միայն տեղի բնակիչներն են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Արդեն 5 օր է՝ Դիլիջանի միջազգային դպրոցն է փորձում իր օտարերկրացի մոտ 250 ուսանողներին բացատրել՝ ինչո՞ւ ջրային մեծ ռեսուրսներ ունեցող Հայաստանի լոգարաններում ջուր չկա։
«Դպրոցի պահամաններում պահեստավորված ջրի պաշարները սպառվել են դեռ ջրանջատումների երկրորդ օրը, և դպրոցն անցել է հատուկ խնայողական ռեժիմի, սակայն ինքնահոս մատակարարվող ջրի քանակն անբավարար է», - այսօր «Ազատությանը» հայտնել են միջազգային դպրոցից:
Վանաձորի «Բազում» թաղամասի ռուս և ուկրաինացի բնակիչները, որոնք մեկ տարի առաջ են տեղափոխվել Վանաձոր, ստորագրահավաք են նախաձեռնել՝ բողոքը կհասցնեն վերևներին։ Ասում են՝ նախկինում կյանքն այստեղ ուրախ էր, վերջին օրերին ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ։
«Եղել է, որ հոսանքը կամ գազն են անջատել, մեկ է՝ կյանքն այստեղ ուրախ էր։ Բայց մի քանի օր առաջ ջո՛ւրը կտրեցին։ Ջրաբաշխիչ մեքենա էր եկել թաղամաս։ Երբ ես տեսա երեխաներին, որոնք դպրոց գնալու, իրենց մանկությունը վայելելու, խաղալու փոխարեն, ջուր էին տուն հասցնում, սիրտս ուղղակի մղկտաց։ Սա ուղղակի աղետ է՝ կարծես «Բազումը» Վանաձոր չէ, այստեղ մարդիկ չեն ապրում», - ընդգծեց Յուլյան։
Մասնագիտությամբ ծրագրավորող Յուլյան ասում է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն ունեն, բայց իրենց նոր հարևաններին այս վիճակում չեն թողնի. «Ես հիմա մտածում եմ՝ ինչ բարձր տեխնոլոգիաների մասին կարող է խոսք գնալ, եթե մեզ մոտ նման վիճակ է պարզունակ տեխնոլոգիաների հետ։ Մարդիկ ջուր չունեն՝ չեփել, չմաքրել, չհավաքել...Մենք «Բազում» թաղամասում ենք ապրում ու մենք չենք կարող կողքից նայել մեր շրջանի խնդիրներին։ Մենք «Բազումի» բնակիչների հետ ենք»։