ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 2 օր է թափուր է, բայց Ազգային ժողովի խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ Նախորդ պաշտպանն անսպասելի՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հրաժարական տվեց։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչ աշխատանքի մասին էր խոսում Քրիստիննե Գրիգորյանը։
Որևէ թեկնածու չի առաջադրվել, «Ազատությանը» տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Հենց այդ հանձնաժողովին պետք է ներկայացվեն առաջադրումները։
Թեկնածուներ կարող են ունենալ երեք խմբակցություններն էլ, բայց սեփականին օմբուդսմենի պաշտոնում ընտրելու համար միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ձայներն են բավարարում. առնվազն 65 ձայն է անհրաժեշտ, «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» միասին 35 պատգամավոր ունեն։ ՔՊ-ականները վստահեցնում էին՝ իրենք դեռ թեկնածու չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրիստիննե Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին. խոսնակԻշխանական Նարեկ Բաբայանը պնդում էր՝ թեկնածուի հարց չեն քննարկել։ Հովիկ Աղազարյանն էլ տեղյակ չէր, թե թեկնածու ունեն, որին առաջիկայում կառաջադրեն։
«Ես, համենայն դեպս, չունեմ տեղեկատվություն, որ որևէ մեկի անունը շոշափվի», - ասաց Աղազարյանը։
«Ազատության» դիտարկմանը, թե աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախար Տաթևիկ Ստեփանյանի մասին են գրում, պատգամավորն այսպես արձագանքեց․ - «Լրատվամիջոցներից եմ լսել։ Այնպես, որ խմբակցության պատգամավորներից մեկն առաջարկի իրա թեկնածությունը, էդպիսի բանից ես տեղյակ չեմ։ Իրեն էդքան լավ չեմ ճանաչում, որ կարողանամ գնահատական տամ, առավել ևս իրավաբանների դաշտը մի քիչ իմ դաշտից հեռու է»։
Այս պահին մամուլում մեկ անուն է շրջանառվում՝ սոցապ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանինը։ 40-ամյա Ստեփանյանը մասնագիտությամբ լեզվաբան է, հիմնել է ու ղեկավարել է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին աջակցող կազմակերպություն, ամենաերկարն իր կյանքում, ըստ պաշտոնական կենսագրականի, աշխատել է գլխավոր մենեջեր՝ «ԵՎԱՆՏ Գրուպ» ՍՊԸ-ում։ Բաց աղբյուրներից տեղեկանում ենք՝ ընկերությունը բրենդային շորերի ու ներքնազգեստի վաճառքով է զբաղվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մտահոգիչ է աշխատանքը կիսատ թողնելու որոշումը»․ իրավապաշտպանները ՄԻՊ-ի մեկ տարվա աշխատանքի մասինՕմբուդսմենն, ըստ օրենքի, պետք է ընտրվի հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող մեկը։
«Անուններ են հնչում, հիմա նույնիսկ անեկդոտ կա, որ եթե ուրիշ մարդ չգտնեն, Արգիշտի Քարամյանը կա ու կա», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները թեկնածուի հարց չեն էլ քննարկել։ Արթուր Խաչատրյանն ասաց՝ համոզված են՝ իրենց թեկնածուն չի ընտրվի, քանի որ իշխանությունը թիմի անդամ է փնտրում, ոչ թե մարդու իրավունքների իրական պաշտպան։
«Մարդու իրավունքները պաշտպանվում են, որպես կանոն, կառավարության ոտնձգությունից։ Հետևաբար, եթե մարդու իրավունքների պաշտպանը ղեկավարող քաղաքական թիմի անդամ է, իրատեսական չեմ համարում, որ ինքն իր գործունեության մեջ կլինի շատ անաչառ։ Պետք է լինի կամ քաղաքականապես չեզոք, կամ էլ ավելի շատ ընդդիմադիր», - ասաց Խաչատրյանը։
Առաջադրումներն առաջիկա 8 օրերին պետք է լինեն, իսկ ընտրության համար ավելի երկար՝ եռամսյա ժամկետ է տրվում։ Պաշտպանը 6 տարով է ընտրվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է հրաժարականի դիմումը