Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, խորհրդարանի լրատվականից «Ազատությանը» հայտնեցին, որ դիմումը ստացել են։
ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Պաշտպանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ նշելով, որ «պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։
Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։
Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնը զբաղեցրեց ուղիղ մեկ տարի․ ընտրվեց 2022-ի հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ-գաղտնի քվեարկությամբ՝ միայն իշխող պատգամավորների ձայներով։ Ավելի վաղ նա զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, մինչ այդ եղել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականը։ Պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Իսկ ՄԻՊ պաշտոնում փոխարինեց Արման Թաթոյանին։
Գրիգորյանի թեկնածությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր առաջադրել։ Իշխանականները համարում էին, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է և համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները քննադատում էին Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվեց միայն իշխող ուժի պատգամավորների քվեարկությամբ