Առաջիկայում կարող է եռակողմ հանդիպում կազմակերպվել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև։ Արտգործնախարար Միրզոյանն այսօր «Արմենպրես»-ին ասել է, թե այժմ նման գաղափար է շրջանառվում՝ չհստակեցնելով՝ որտեղ կարող է լինել այդ հանդիպումը և երբ։
Միրզոյանի խոսքից դատելով`այս պահին միայն հստակ է, որ Երևանը համաձայնել է և հիմա էլ պատրաստ է, թեև նույն արտգործնախարարի խոսքով՝ «այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում», քանի որ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:
Որտե՞ղ է շրջանառվել այդ հայտարարությունը, ո՞վ է դրա հեղինակը, և ինչո՞ւ այն չի հաջողվում համաձայնեցնել․ Արտգործնախարարությունից այսօր «Ազատության» հարցերին չարձագանքեցին։
Մինչ այդ՝ երեկ, Ադրբեջանի առաջնորդը Դավոսում պնդել էր, թե Երևանը հրաժարվել է կովկասյան երեք պետությունների մասնակցությամբ նոր ձևաչափ ստեղծելու առաջարկից։
«Մեր առաջարկությունն էր Վրաստանում երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ»,- ասել էր Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն այս պահին ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ. իշխանական պատգամավորՍա վերջին օրերին պաշտոնական Բաքվից հնչող միակ կշտամբանքը չէ։ Օրերս Արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հրաժարվելով մեկնել Մոսկվա՝ Երևանը տապալել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»,- այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, խոսել միայն Բաքվի ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքներից ու պնդել՝ «այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։
Հայաստանի արտգործնախարարը հակադարձել է, թե «գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», և Երևանն է Բաքվից պատասխան սպասում։ «Մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել»:
Միրզոյանը նաև ասել է, թե Երևանը հետևում է միջազգային հանրության հորդորներին և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել»:
«Նաև Լաչինի միջանցքի՞ շուրջ», հարցին Միրզոյանը բացասական պատասխան է տվել, և ինչպես Ազգային ժողովի նախագահն էր օրեր առաջ հայտարարել, արտգործնախարարը ևս պնդել է՝ Հայաստանն այս հարցում բանակցային կողմ չէ։
«Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի», - նշել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանին չի հաջողվի անվերջ խուսափել Լաչինի միջանցքի հարցով Բաքվի հետ բանակցություններից․ քաղաքագետՌուսաստանի արտգործնախարարը օրեր առաջ, խոսելով փակ ճանապարհի մասին, պնդել էր՝ Բաքուն առարկություններ ունի դրանով տեղափոխվող բեռների վերաբերյալ։
«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները»,- ասել էր Լավրովը։
Ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարն այսօր կրկին պնդել է, թե Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները հանվել են Հայաստանի տարածքներից, որոնք ադրբեջանական կողմն օկուպացրել է 2021-ից հետո Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով:
Արարատ Միրզոյանն, ի դեպ, հարկ է համարել ընդգծել, որ Հայաստանն ականապատել է միայն իր ինքնիշխան տարածքը՝ զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին»: