Ուկրաինային սատարող երկրները խոստանում են «աննախադեպ ծավալի օգնություն» ռուսների ագրեսիան դիմագրավելու համար

Ուկրաինային սատարող երկրների պաշտպանության նախարարները Ռամշտայնի հավաքում, 20 հունվարի, 2023թ.

Ուկրաինային քաղաքական, ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերող պետությունները խոստանում են «աննախադեպ ծավալի օգնություն» ռուսների ագրեսիան դիմագրավելու համար:

Այդ հարցն այսօր քննարկվում է Գերմանիայում՝ Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանի համալիրում գումարված միջազգային համաժողովում, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի և Կիևին օգնություն տրամադրող այլ երկրների պաշտպանության նախարարները:

Համաժողովի օրակարգում Ուկրաինային ռազմական օգնություն փոխանցելու կարգավորումն է: Դա Ռամշտայնի ձևաչափով թվով արդեն 8-րդ համաժողովն է:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե «Կիևում Ռամշտայնից ակնկալում են ուժեղ որոշումներ, այդ թվում՝ ծանր տեխնիկայի և ՀՕՊ արդիական համակարգերի տրամադրում»:

Միացյալ Նահանգները նախօրեին հայտնել է Ուկրաինային 2 և կես միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:

Ըստ Պենտագոնի՝ Ուկրաինան այդ փաթեթով կստանա 100-ից ավելի զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ, ՀՕՊ համակարգեր և այլ սպառազեն:

Ամերիկացիները Կիևին կտրամադրեն զինամթերք՝ NASAMS տեսակի զենիթահրթիռային արդիական համակարգերի համար, Avenger («Վրիժառու») տեսակի զենիթահրթիռային 8 կայանք, Bradley տեսակի զրահափոխադրիչ, Stryker տեսակի 90 զրահամեքենաներ՝ ականազերծման հատուկ կցասայլերով, 350 միավոր բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ տարբեր մեքենաներ, ավելի քան 3 միլիոն փամփուշտներ, գիշերային տեսողության սարքեր, պահեստամասեր և այլ սարքավորումներ:

Անցյալ տարվա փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի վրա ռուսների հարձակումից ի վեր Վաշինգտոնը Կիևին մոտ 27 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել: