ՊՆ N զորամասի կացարանում հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում, այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով Քննչական կոմիտեի նախնական տվյալները, շեշտեց՝ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանն էլ հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։
Տեղեկացնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը և հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար՝ Փաշինյանը նկատեց՝ 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»։
«Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար պարզապես չունենալ այս դեպքը։ Բայց մենք ինչ ենք պարզում, պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով, նախնական են տվյալները, փորձ է արվել բացել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, էդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ», - ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները։
Պապիկյանը տեղեկացրեց, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են՝ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ- կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ - կորպուսի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատարի տեղակալ մարտական հերթապահության գծով, այնուհետև N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, N զորամասի հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ:
«Իրենց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ», - ասաց նախարարը:
Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ դատախազության՝ մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստի ժամանակ, փոխանցեց՝ երեք վիրավոր զինծառայողները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում, երկուսը՝ վերակենդանցման բաժանմունքում։ «Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է», - ասաց նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վահրամ Գրիգորյանն ազատվեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից