Դնեպր քաղաքում Ռուսաստանի հրթիռակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 40-ի, մահացածների մեջ կա երկու երեխա, 39 մարդ փրկվել է։ Եվս 75 մարդ, այդ թվում 14 երեխա՝ վիրավորվել։ Զոհերի թիվը սակայն կարող է աճել, քանի որ մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Շենքի բնակիչներից մեկն ասում է, թե անզոր են, չգիտեն ինչ անել. - «Երեխայիս հետ այնպես էի գոռում, որ ձայնս կտրվել էր․ պայթյունից հետո դեռ հինգ րոպե չէինք կարողանում շարժվել տեղից։ Չգիտե ինչ կարելի է անել, գուցե մեր արևմտյան դաշնակիցները մեզ օգնեն, ինչ-որ բան անեն այս հրթիռների հետ։ Այստեղ ոչ մի ռազմական օբյեկտ չկա, միայն բնակելի շենքեր են»։
9 հարկանի բնակելի շենքը ռուսական բանակի թիրախում էր հայտնվել երկու օր առաջ. հաշված րոպեների ընթացքում շենքի մի հատվածն ամբողջությամբ փլուզվել է: Երեկ երեկոյան նախագահ Զելենսկին իր ուղերձում դիմել էր ռուսաստանցիներին. - «Ուզում եմ դիմել այն ռուսաստանցիներին, ովքեր նույնիսկ հիմա չկարողացան այս ահաբեկչությունը դատապարտող մի քանի բան անգամ ասել, թեև ամեն ինչ հիանալի տեսնում են: Մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից: Եվ երբ գան, ձեզ ոչ ոք չի պաշտպանի»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, մինչդեռ, երեկ պնդել է, թե հունվարի 14-ին ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական-հրամանատարական համակարգին ու հարակից էներգետիկ օբյեկտներին. «Բոլոր նշված թիրախները խոցվել են, հարվածի նպատակն իրականացվել է»։ Ընդ որում, նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի այս հայտարարության ժամանակ արդեն հայտնի էր, որ հրթիռակոծության հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Չնայած բազմաթիվ ապացույցներին՝ Կրեմլի խոսնակը ևս շարունակում է հավաստիացնել, թե ռուսական ուժերը բնակելի շենքերը չեն ռմբակոծում. - «Ռուսական զինված ուժերը չեն հարվածում բնակելի շենքերին կամ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Հարվածները հասցվում են ռազմական թիրախներին՝ ակնհայտ կամ քողարկված։ Դուք ինքներդ տեսաք ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչների եզրակացությունը, որ այս ողբերգությունը հակահրթիռային և հակաօդային պաշտպանության գործողության արդյունք է»։
Դմիտրի Պեսկովը հավանաբար նկատի է ունեցել Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Օլեքսի Արիստովիչի հայտարարությունը, երբ դեպքի օրը նա ենթադրել էր, թե գուցե և հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա ուկրաինական հակաօդյաին համակարգի հարվածից հետո։ Արեստովիչը հետո է ասել է, թե հոգնած է եղել և սխալվել է։
Անցած գիշերը ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները շարունակվել են։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ, ռուսական զորքերը հրթիռակոծել են Զապորոժիեն, Խերսոնը, Նիկոպոլը։ Ռուսական կողմը, իր հերթին, հաղորդում է, որ այսօր առավոտյան համազարկային համակարգերով հրթիռակոծվել է Մակեևկան, իսկ բռնակցված Սևաստոպոլի վրա անօդաչու թռչող սարքեր են խոցվել:
Թեժ է մնում իրավիճակը նաև ճակատում․ հանգստյան օրերին Դոնբասում՝ Կրեմեննայայի և Բախմուտի մոտակայքում կատաղի մարտերը շարունակվել են։ Ամերիկացի ռազմական փորձագետները պնդում են, թե ուկրաինական զինված ուժերը գրեթե անկասկած պահպանել են իրենց դիրքերը Սոլեդարում՝ Բախմուտից տասը կիլոմետր հյուսիս։
Անցած շաբաթ ռուսական կողմը հայտարարել էր, թե ամբողջությամբ վերահսում է քաղաքը; Անկախ աղբյուրներով այս պնդումները հաստատել դեռևս հնարավոր չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հայտարարում է Սոլեդարը գրավելու մասին, Կիևը չի հաստատումՊատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները կարծում են, թե Ռուսաստանը առաջիկա վեց ամսում «վճռական ռազմավարական գործողությունների» կդիմի ռազմաճակատում մեկը մյուսին հաջորդող ձախողումներից հետո։ Վճռական է տրամարդված նաև Արևմուտքը՝ հայտարարելով, որ ոչ միյան կշարունակի աջակցել Ուկրաինային, այլև ավելի կմեծացնի իր ռազմական օգնությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոտ ապագայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը. ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։ Դաշինքի անդամ Գերմանիան առաջիկա ամսիներին Ուկրաինային կտամադրի Marder տեսակի 40 զրահամեքենա, իսկ Լեհաստանը՝ մեկ վաշտի հաշվով Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլեր:
Ընդհանուր առմամբ, Բլումբերգի հաշվարկով, արևմտյան երկրներն անցած 11 ամսում Ուկրաինային տրամադրել են ավելի քան 4000 միավոր զրահատեխնիկա՝ հրետանի, հակաօդային համակարգեր և ռազմական ինքնաթիռներ։
Իսկ Եվրամիության հետ Ուկրաինան այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նրա խոսքով, Ուկրաինան ակնկալում է արդեն մոտ ժամանակներս ստանալ առաջին տրանշը՝ 3 մլրդ եվրո։