Ազգային ժողովրդավարական բևեռը ռուսական ռազմաբազայի մոտ է. տեղում նաև ոստիկաններ են

Ազգային ժողովրդավարական բևեռը ինչպես նախորդ կիրակի, այսօր էլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք է անցկացնում:

Ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները նշեցին, որ Ռուսաստանից պահանջում են կատարել նոյեմբերյան եռակողմ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, այն է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Արցախը շրջափակված է արդեն 35 օր:

Բևեռի ներկայացուցիչները հավելեցին, որ Ռուսաստանի ներկայությունը վտանգ է Հայաստանի պետականության, ազգի գոյության համար. «Քանի որ դաշնակցելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանն իր ներկայությամբ կապում է մեր ձեռքերը և հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք դիմակայենք նաև իր կողմից մեր առջև բարձրացված մարտահրավերներին»:

Մասնակիցները պահանջում են Ռուսաստանից ներկայություն չունենալ Հայաստանում, միաժամանակ նշեցին, որ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրաժարական տա ՀՀ վարչապետի պաշտոնից:

Այստեղ նաև ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ապա ԱԺԲ-ի ակցիայի մասնակիցները հայտարարեցին քաղաքում իրազեկման ավտոերթի անցկացման մասին: Հետագա քայլերը, նշեցին, ավելի ուշ կասեն: