Ստոկհոլմի կենտրոնում քրդերը գլխիվայր կախել են Էրդողանի խրտվիլակը․ Անկարան ծայրաստիճան զայրացած է

Շվեդիայում քուրդ ակտիվիստները հունվարի 11-ին Ստոկհոլմի պատմական ռատուշայի՝ քաղաքապետարանի դիմացի սյունից կախել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նմանվող խրտվիլակը և նրան դիկտատոր կոչել։ Խրտվիլակը կախվել է ոտքերից՝ գլխիվայր դիրքով։ Գործողությունը նկարահանվել է ու տարածվել քրդական խմբավորումների հետ կապ ունեցող ինտերնետային կայքերում։ Տեսանյութում մոնտաժվել է նաև 1945 թվականին Իտալիայի նացիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիի մահապատժի կադրը, որին նույնպես կախել էին գլխիվայր։

«Պատմությունը ցույց է տվել, որ այսպես են ավարտում դիկտատորները։ Ժամանակն է, որ Էրդողանը հրաժարական տա նախքան Թաքսիմ հրապարակում կախաղան հանվելը»,- լսվում է հաղորդավարի ձայնը տեսանյությում։

Թաքսիմը հրապարակ է Ստամբուլի կենտրոնում։

Անկարան ծայրաստիճան զայրացած է։ Էրդողանը քրեական հայց է ներկայացրել Անկարայի դատախազություն Ստոկհոլմի ակցիայի կազմակերպիչների դեմ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով։

Քրդական կազմակերպություններին Թուրքիան ահաբեկչական է համարում, նրանց անդամներին ահաբեկիչներն ու Ստոկհոլմի ակցիան գնահատվել է «ահաբեկչական պրոպագանդա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլմը պատրաստ չէ կատարել Անկարայի բոլոր պայմանները

Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարել է, որ սա ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Անկարային տված Շեդիայի խոստումների ակնհայտ խախտում է։

Թուրքիայում Շվեդիայի դեսպանը երեկ կանչվել է արտգործնախարարություն։ Դեսպանին ասվել է, որ Թուրքիան վճռականապես դատապարտում է այդ նողկալի արարքն ու բողոք հայտնում։ Այն գնահատվել է Էրդողանի դեմ ահաբեկչական պրոպագանդա։ Անկարան հույս է հայտնել, որ միջադեպի մեղավորները կպարզվեն, և անհրաժեշտ գործողություններ կկատարվեն, իսկ Շվեդիան կիրականացնի ստանձնած պարտավորությունները։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղարկել է Շվեդիայի իր պաշտոնակից Անդրեաս Նորլենի հունվարի 17-ին նախատեսված պաշտոնական այցը Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber News ալիքի հարցազրույցում ասել է, որ «դա հարձակում չէր միայն մեր նախագահի, այլ հարձակում ողջ Թուրքիայի վրա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու. «Շվեդիան չի կատարում ստաձնած պարտավորությունները»

Մեկ այլ հարցազրույցում՝ TRT Haber-ին նա ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է հասկանան Թուրքիայի անվտանգային մտահոգությունները։

«Ի՞նչ են նրանք մեզանից սպասում, մեր հավանությա՞նը ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Դա անհնարին է։ Պարզ է։ Եթե նրանք քայլեր չեն կատարում, չեն կատարում իրենց խոստումները, լիարժեքորեն չեն կատարում պայմանագրային պարտավորությունները, ապա նրանք մեզանից ոչինչ չպետք է սպասեն»,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ բոլորը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն պետք է արձագանքեն Ստոկհոլմի ակցիային. «Դա արտահայտվելու ազատություն չէ, այդ ճանապարհով երկրի առաջնորդին վիրավորել, սադրել է։ Կատարողները նաև ահաբեկչական քարոզչություն են տարածում»։

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս անդրադարձել է այդ միջադեպին։ «Մենք վճռականապես դատապարտում ենք ՆԱՏՕ-ի 70-ամյա անդամ երկրի նախագահի դեմ նողկալի արարքը մի երկրում, որը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, և մենք Շվեդիանյին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը TV4 հեռուստաընկերությանն այսօր ասել է, որ այդ արարքը չափազանց լուրջ է, և այն գնահատել է սաբոտաժ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի դեմ։

Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը, դատապարտելով Ստոկհոլմի ակցիան, Թվիթերում գրել է, որ Շվեդիայի կառավարությունը հավատարիմ է քաղաքական ընտրությունների բաց բանավեճին, բայց կտրականապես մերժում է քաղաքական գործիչների դեմ ուղղված սպառնալիքներն ու ատելությունը։

«Ընտրված նախագահին մահապատժի ենթարկելու պատկերը զզվելի է»,- գրել է նա։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթին Ալթունը, արձագանքելով նրան, Թվիթերում գրել է․ «Այն, որ ՔԲԿ-ի ահաբեկիչները կարող են մարտահրավեր նետել Շվեդիայի կառավարությանը Ստոկհոլմի սրտում, ապացուցում է, որ Շվեդիայի կառավարությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ահաբեկչության դեմ, ինչպես պնդում էին վերջին օրերին»։

Օրերս Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, թե Թուրքիան հաստատում է, որ համաձայնեցված պայմանները Շվեդիան կատարել է, բայց ավելին է ցանկանում՝ ինչը մենք չենք կարող կամ չենք ցանկանում կատարել։

Սկանդինավյան Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ռազմական բլոկների հարցում ավանդաբար չեզոք դիրքորոշում են ունեցել, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո մտահոգվելով սեփական անվտանգությամբ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ դաշինքի յուրաքանչյուր անդամ նրանց հայտը պետք է հաստատի, բայց Թուրքիան դրա դիմաց փորձում է որքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Շվեդիայից ու Ֆինլանդիայից, ու մինչև հիմա ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հայտը չի հաստատել։