Հայաստանի վարչապետի նախօրեին արած շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը, ասված է Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից», - նշված է այսօր Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ կայացած ԱԽ նիստի հայտարարության տեքստում:
Արցախի իշխանությունները ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը:
Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ փաստացի այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։
«Մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված, ու մենք կարող ենք նաև չնկատելու տալ, դա մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք։ Մենք պետք է առերեսվենք փաստերի հետ։ Ղարաբաղի հարցում մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են։ Եվ սա նույնպես բերել է որոշակի հետևանքների», - ասել էր վարչապետը։
Անվտանգության խորհուրդը նաև Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին է անդրադարձել՝ շեշտելով, որ դրանք հերթական անգամ փաստում են, որ Լաչինի միջանցքի փակելը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում:
«Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով», - հայտարարում են Արցախից:
Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Իլհամ Ալիևը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման մեկնարկից գրեթե մեկ ամիս անց թափանցիկորեն ակնարկ էր արել, թե Ղարաբաղում բնակվող հայերը կա՛մ պետք է լքեն երկրամասը, կա՛մ էլ ադրբեջանական քաղաքացիություն ընդունեն։