Կանադան Ուկրաինայի համար կգնի ԱՄՆ-ի արտադրության առաջադեմ հակաօդային պաշտպանության հրթիռային NASAMS համակարգ, երեքշաբթի հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի գրասենյակը Մեխիկոյում նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։
Թրյուդոն և Բայդենը Մեքսիկայում մասնակցում են Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների հանդիպմանը։
«Կանադան առաջին անգամ ՀՕՊ համակարգ կփոխանցի Ուկրաինային»,- Թվիթերում գրել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
ՀՕՊ համակարգերն Ուկրաինայի համար առաջնահերթություն են, երեկ ավելի վաղ ասել է նա իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում։
NASAMS-ը կարճ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ է, որը պաշտպանում է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և օդանավերի հարձակումներից: Ըստ Կանադայի պաշտպանության նախարարության՝ նվիրատվությունը կազմում է մոտ 406 միլիոն կանադական դոլար (302,6 միլիոն դոլար): Անցած տարվա փետրվարից Կանադան ավելի քան 1 միլիարդ կանադական դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։