ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ հատուկ շեշտադրելով Լաչինի միջանցքը։
Օսմանին ընդգծել է, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա իր մտահոգությունն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության վերաբերյալ։ ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և կառուցողական ու արդյունավետ երկխոսություն սկսել:
Օսմանիի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ որպես ԵԱՀԿ գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են՝ հաղթահարելու ընթացիկ մարտահրավերները, որոնք տեղում ազդում են մարդկանց վրա։
Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին վերահաստատել է իր պատրաստակամությունը անձնական ներգրավվածության համար՝ օգնելու թուլացնել լարվածությունը և նպաստելու կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Նա նաև հայտարարել է, որ առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան։