ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի համար՝ ասելով, թե «Հայաստանը հուսահատության մեջ է Լաչինի ճանապարհն իր անօրինական գործունեության համար օգտագործելու անկարողության պատճառով»:
«Հայաստանը բազմաթիվ կեղծ պատմություններ է քարոզում՝ տեղում իրականությունը խեղաթյուրելու համար… Հասկանալի է, թե ինչու է Հայաստանն այդքան հուսահատ, որովհետև Լաչինի ճանապարհն այլևս հասանելի չէ իր անօրինական գործողությունների համար»,- ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։
Ինչպես փոխանցում է Interfax-Azerbaijan-ը, ՆԱՏՕ-ում երկրի ներկայացուցչությունը հայտարարել է, որ «Լաչինի ճանապարհը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, որը համաձայնել է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով՝ համաձայն եռակողմ հայտարարության վեցերորդ կետի, և նույնիսկ ավելի քիչ, քան երկու տարի ժամանակում շահագործման հանձնեց նոր ճանապարհը»:
«Ադրբեջանը բարեխղճորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները, իսկ Հայաստանը առաջին օրերից օգտագործում է Լաչինի ճանապարհը անօրինական գործունեության համար։ Հայաստանը նույնպես չի բացել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը եռակողմ հայտարարության 9-րդ կետի կոպիտ խախտում է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ում առաքելությունը։
«Հայաստանն օգտագործել է Լաչինի ճանապարհը զենքի և անձնակազմի ապօրինի տեղափոխման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաքուն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքը բաց է, և «Հայաստանը և որոշ խամաճիկներ միտումնավոր խոչընդոտում են քաղաքացիներին օգտվել Լաչինի ճանապարհից՝ «շրջափակման» մասին կեղծ պատմություն ստեղծելու համար»։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 29 օր, թեև Արցախում որոշել են ժամանակավորապես դադարեցնել Կաշենի հանքավայրի շահագործումը, իսկ Ադրբեջանի կառավարությունը առաջին իսկ օրվանից հայտարարել էր, թե մոնիտորինգ պետք է սկսեն Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում:
Լաչինի միջանցքի փակման իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, օրերս հայտարարեց Հայաստանի վարչապետը։