Ռուսները հայտարարում են, թե ի պատասխան Մակեևկայում Ամանորի գիշերը տեղի ունեցածին, ոչնչացրել են միաժամանակ 600 ուկրաինացի զինվորական: Ուկրաինական կողմը և արևմտյան լրագրողները, սակայն, պնդում են՝ ռուսական կողմը ստում է:
Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների հայտարարած սուրբծննդյան միակողմանի հրադադարը ավարտվել էր հունվարի 8-ի գիշերը, և կեսգիշերին արդեն ռուսական կողմը հրթիռակոծել էր մի քանի բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կրամատորսկի հրթիռակոծությունը անվանել է Մակեևկայի վրա ուկրաինական ուժերի ամանորյա հարվածի պատասխան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակեևկայի մասին սուտը հորինվել է մեկ մարդու՝ նախագահ Պուտինի համար. վերլուծաբան«Ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից 2023 թվականի հունվարի առաջին րոպեներին Դոնեցկի ժողովրդական հանրապետության Մակեևկա բնակավայրում ռուս զինվորականների դեմ ուղղված հանցագործության՝ ռուսական ուժերի հրամանատարությունը իրականացրել է պատասխան գործողություն՝ Կրամատորսկում զանգվածային հրթիռակոծության արդյունքում ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել», - հայտարարել են կառույցից:
Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ Ռուսաստանի զինված ուժերը Կրամատորսկում հրթիռակոծել են երկու հանրակացարան, որտեղ ընդհանուր առմամբ ավելի քան 1300 ուկրաինացի զինվոր է եղել:
Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, հերքում են ՌԴ ռազմական գերատեսչության տեղեկությունը: Միևնույն ժամանակ CNN-ի նկարահանող խումբը հայտնել է, թե Կրամատորսկում՝ ռուսական հարվածների վայրում, մեծ թվով մարդկանց հետքեր չեն նկատել: Reuters-ի թղթակիցներն էլ այցելել են Կրամատորսկի երկու հանրակացարաններ, որտեղ ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ ժամանակավորապես տեղակայվել են ուկրաինացի զինվորականները: Ըստ ամենայնի, շենքերից ոչ մեկն ուղղակիորեն չի հրթիռակոծվել և լրջորեն չի վնասվել, գրում է Reuters-ը:
Մակեևկայում Ամանորի գիշերը միաժամանակ սպանվել է ռուսական տվյալներով 89, իսկ ուկրաինական կողմի տվյալներով՝ մինչև 400 ռուսաստանցի զինծառայող:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամանորի գիշերը ռուսական ուժերը հարյուրավոր զոհեր են տվել Մակեևկա քաղաքում․ Իշխանամետ աղբյուրներ