Թոշակ ստանալու կարգի փոփոխությունը գյուղերում խնդիրներ է ստեղծել

«Տաքսով էթում եմ, 2 հազար փող ա ուզում». - 66-ամյա Պետրոս Իսպիրյանը տարին բյուրոկրատական վազքով է սկսել: «Էլ հին ձևերը չկան», - դժգոհում է տղամարդը, թոշակի համար ամեն ամիս ստիպված է երկար ճանապարհ անցնել։ Արդեն հաշվել է՝ ստացած 38 հազար դրամից 4 հազարը միայն գնալ-գալու վրա կծախսի. - «Ընդե 10-15 կորում ա էդ պահին, էլի, ինչի՞ համար կորի»:

Թոշակ ստանալու կարգի փոփոխությունը Արագյուղի տարեցների գլխավոր թեման է: Բարևից հետո հարցն այսպիսին է՝ «ո՞ր բանկ ես ընկել»։

Հայաստանի հազար և ավելի բնակիչ ունեցող գյուղերի մինչև 75 տարեկան բոլոր թոշակառուները, որոնք հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ չունեն, հունվարի 1-ից բացառապես անկանխիկ եղանակով` քարտով են թոշակ ստանալու։ «Հայփոստ»-ի գրասենյակից թոշակը ստանալու տարբերակն այլևս չկա։

«Ավտոմատ կերպով սոցապ բաժինը տեղափոխել է բանկ, որը իմ սրտով չէ: Ես՝ թոշակառու մարդ, հիվանդ մարդ, չեմ կարում: Բերեին փոշտ, փոշտին կա ցրիչ, թող բաժաներ: Բա մարդը մեծցել է, էս երկրի օգնությունը ե՞րբ պտի ցույց տան ծերերին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Իսպիրյանը:

Բանկային քարտով թոշակը ստանալուց հետո գումարը կանխիկացնելու համար բանկոմատ է պետք, Կոտայքի մարզի Արագյուղում, սակայն, կանխիկացնող որևէ սարք չկա։ Ամենամոտ բանկոմատը Եղվարդում է՝ ավելի քան 10 կիլոմետր հեռու։ Հեռավորությանը գումարվում են նաև հերթերը։ Պատկերը նույնն է Հայաստանի բազմաթիվ այլ գյուղական բնակավայրերում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն, այնինչ, հայտարարում է՝ կարգավորման նպատակը թոշակների տրամադրումն ավելի հարմարավետ դարձնելն է։

Առաջին անգամ քարտով թոշակ ստացած 66-ամյա Իսպիրյանը համաձայն չէ. - «Ի՞նչ անենք մենք, ո՞ր բանկերն ընկնենք, էթում էս բանկերը՝ ու բանկերը հերթ էլ է, էրեկ էրկու ժամ բանկում սպասել եմ, մինչև էդ հարցերը լուծվել են, թոշակը տվել են: Էրկու ժամ ծեր մարդը ըտե ինչի՞ հմար կայնի»:

Նրա համագյուղացին՝ Վահրամ Ավետիսյանը շուրջ 4 ժամ գյուղի կենտրոնում մեքենա էր սպասում՝ գուցե քաղաք գնացող լինի, իրեն էլ տանի։ Ինքն անձնական պատճառներով վաղուց է գյուղից բանկ ճանապարհն անցնում։ Հավելյալ ծախսերի ու անհարմարությունների մասին լավ գիտի:

«Չգիտեմ՝ ի՞նչ անեմ: Էթում ես մինչև ստանում գալում ես՝ մի 5 հազար, 6 հազար գնաց վարի, մարդուն եթե խնդրիր մեկը տարավ, պտի էդ մարդուն բերես պատիվ տաս, մի շիշ արաղ առնես խմցնես, որ քեզի մի հատ տանի Եղվարդ, բերի», - ասաց Ավետիսյանը:

Գյուղից բանկ հասնելը դժվարությունների միայն մի մասն է։ Տարեցները դժգոհում են՝ քարտից օգտվել էլ չեն կարողանում, գլխացավանք է իրենց համար։ Գործը գլուխ են բերում միայն փոխադարձ օգնությամբ։

Մեկ տարի անց թոշակները քարտով կստանան արդեն բոլորը, այդ թվում՝ փոքր գյուղական բնակավայրերի բնակիչները։ Ընդ որում, շատ բնակավայրերի խանութներում անկանխիկ առևտուր անելու հնարավորություն էլ դեռ չկա, չնայած սա անցած ամռանից օրենքի պահանջ է:

Հենց այդ շրջանում թոշակառուներին խրախուսելու համար ներդրվեց քարտով գործարքների դիմաց 10 տոկոսի չափով գումարի վերադարձի՝ քեշբեքի ծրագիրը։ Վիճակագրությունը փաստում է՝ փոքր թվով քաղաքացիներ են օգտվում ծրագրից։ Թոշակը քարտով ստացող շուրջ 400 հազար քաղաքացիներից նոյեմբերին անկանխիկ գործարքներ է կատարել միայն 15 տոկոսը։

Այս շաբաթ որոշվեց քեշբեքի ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև հունիս, հետո սպասվում է Կառավարության խոստացած բարձրացումը։ Հուլիսի 1-ից միջին կենսաթոշակը կավելանա 3 հազար դրամով։