Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։
Երկու առաջնորդները քննարկել են էներգետիկ հարցեր, թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները՝ այդ թվում ռուս-ուկրաինական հակամարտությունը, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին՝ Թուրքիայի նախագահը հիշեցրել է երկխոսության առաջմղմանն ուղղված նախաձեռնությունների «դրական արդյունքների», այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի», գերիների փոխանակման, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման մասին, փոխանցում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը։
«Նա ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերին պետք է աջակցել ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ», - հաղորդում է թուրքական կողմը։
Կրեմլի փոխանցմամբ՝ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան բաց է երկխոսության համար՝ պայմանով, որ Կիևը կկատարի Ռուսաստանի պահանջները՝ հաշվի առնելով նոր տարածքային իրողությունները: