Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել շաբաթասկզբին Անկարայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնց մասնակցում էին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը և Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Թուրքիայի տարածքում ռուսական գազի վաճառքի հաբ ստեղծելու Մոսկվայի առաջարկին։ «Թուրքական իրավաբանական և տեխնիկական խմբերը շուտափույթ կերպով կքննարկեն այդ նախաձեռնությունը», - նշել է Էրդողանը։
«Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել իր ռուսաստանցի պաշտոնակցին Ուկրաինայից գյուղմթերքի արտահանման նախաձեռնության երկարաձգման հանդեպ Մոսկվայի ցուցաբերած կառուցողական մոտեցման համար», - տեղեկացնում է Anadolu-ն։