Ռիքերը հեռանում է Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնից

Դեսպան Ֆիլիպ Ռիքեր, արխիվ

Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հունվարի 5-ից հեռանալու մասին», - ասել է Փրայսը։

Ռիքերի աշխատանքն այդ պաշտոնում, ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, արագացրել է ներգրավվածությունը և օգնել խաղաղ գործընթաց կառուցել այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է:

«Նրա ներդրումը հաստատում է այն կարևորությունը, որ տալիս է Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ կայուն խաղաղության շուրջ բանակցություններ վարելուն», - ասել է Փրայսը՝ հավելելով, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագայի նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառությունը։

«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ՝ խթանելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը», - հայտարարել է Նեդ Փրայսը։

Փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր նշանակվել անցած տարվա օգոստոսին: