Հայաստանը 2023 թվականը սկսվում է ուժի մեջ մտած մի շարք օրենսդրական փոփոխություններով ու այս տարվանից կիրառվող խաղի նոր կանոններով։
Երեկվանից փոխվեցին աշխատավարձերի հաշվարկի որոշ բաղադրիչներ, մասնավորապես, ևս մեկ տոկոսով նվազեց եկամտահարկի դրույքաչափը՝ 21-ի փոխարեն այն այժմ 20 տոկոս է կազմում։ Փոխարենը գրեթե նույն համամասնությամբ քաղաքացիները ավելի շատ կվճարեն պարտադիր կուտակային կենսաթոշակի համար։ Այսպես՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների վճարն, օրինակ, կկազմի 5 տոկոս, նախկին 4.5 -ի փոխարեն, մյուս 5-ը պետությունը կավելացնի։ 500 հազարից բարձր ստացողների դեպքում էլ 2500 դրամով նվազում է պետության հատկացման չափը։ Այս տարբերությունը աշխատողից կպահվի։ Երեկվանից բարձրացավ նաև նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից դառնալով 75 հազար դրամ։
Սոցապ նախարարն ավելի վաղ հայտարարել էր՝ մինչ 2026-ը կրկին ավելացում է լինելու. «Դա մեր վերջնական թիրախը չէ, որը որ կառավարության ծրագրում նշված է, բայց մենք փուլային տարբերակով ենք գնալու: 85 հազար պետք է բարձրանա, որովհետև մենք ունենք կառավարության ծրագրում հստակ սահմանված թիրախը»:
Կառավարությունը խոստանում է ամռանը նաև կենսաթոշակները բարձրացնել՝ միջինը 3000 դրամով։ Նույն չափով թոշակները բարձրացան նաև 2022-ի սեպտեմբերից ու թեև պետական այրերն անցնող ամիսներին առիթը բաց չէին թողնում խոսել այս մասին, իրականում այն անգամ երկնիշ թանկացումների բեռը չծածկեց։
Այս տարի նաև փոխվում է կենսաթոշակների վճարման եղանակը, քաղաքացիները, որոնց 75 տարին չի լրացել և չունեն հաշմանդամության կարգ, թոշակ կստանան բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերից։ Քարտով թոշակ ստանալու օրենքը մինչ այս վերաբերում էր միայն քաղաքներում բնակվողներին, այս տարվանից քաղաքներին ավելանում են նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերը։ Ավելի փոքր բնակավայրերում ապրողների համար այս կարգը կգործի 2024-ից։ Այս տարվանից կներդրվի նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, բայց ոչ բոլորի համար։ Նախնական ծրագրին առաջինը միացողներից կլինեն, օրինակ, հանրային ծառայողները։ Նրանք տարվա ընթացքում իրենց ֆինանսական մուտքերի վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնեն պետությանը։ Հաջորդ տարի այս համակարգն ավելի լայն խմբերի քաղաքացիների կներառի, իսկ ահա 2025-ից պարտադիր կլինի բոլորի համար։
Պատասխանատուները վստահեցնում են՝ պահանջն ավելորդ գլխացավանք չի դառնալու, օնլայն հարթակում այս տեղեկություններն արդեն լինելու են, քաղաքացիներից կպահանջվի միայն ստուգել դրանք, անհրաժեշտության դեպքում փոփոխել ու հաստատել։
Թե ինչ ժամկետներում են քաղաքացիները հայտարարագրեր լրացնելու, օրերս պարզաբանեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Բաբկեն Թունյանը. - «Առաջին հայտարարագրերը լրացվելու են 2024 թվականի մայիսին, այսինքն, մեկ տարի չորս ամիս հետո, 2026 թվականի մայիսին արդե Հայաստանի Հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիները հայտարարագիր կլրացնեն»:
Ընդլայնվում է նաև 2022-ին ուժի մեջ մտած անկանխիկ գործառնությունների մասին օրենքի շրջանակը. փոփոխությունները, սակայն, կկիրառվեն ավելի ուշ՝ հուլիսից։ Եթե հիմա բժշկական ծառայությունների դիմաց բացառապես անկանխիկ վճարումները պարտադիր են միայն Երևանում, ապա այս տարվանից կավելանան նաև Հայաստանի բոլոր մարզերի վարչական կենտրոնները։ Նույնը վերաբերում է նաև ուսման վարձերի ու աշխատավարձերի վճարումներին։
Ի դեպ, երեկվանից 9 դրամով թանկացավ ջուրը՝ 200-ից դառնալով 209 դրամ։ Ի տարբերություն անցած տարվա կոմունալ թանկացումների, գոնե ջրի դեպքում կառավարությունը խոստացել է փոխհատուցել տարբերությունը, այսինքն քաղաքացիները կվճարեն հին սակագնով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուրը հունվարի 1-ից կթանկանա