Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը 2022-ին 6 անգամ են բանակցությունների սեղանի շուրջ նստել, 5-ը՝ Եվրամիության, Ֆրանսիայի նախագահի և միայն մեկը Ռուսաստանի առաջնորդի միջնորդությամբ։
Բայց եթե տարեսկզբին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները լավատես էին, որ 2022-ը պատմության մեջ կմնա խաղաղության պայմանագրի կնքումով, տարվա ավարտին բանակցություններն, ըստ էության, մտան փակուղի, կողմերն անգամ հանդիպել չեն համաձայնում։ Հոկտեմբերի սկզբին կայացած Պրահայի քառակողմ բանակցություններով հայ-ադրբեջանական երկխոսությունն, ըստ էության, ընդհատվեց։
Նախ Ադրբեջանը չեղարկեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը։ Հետո՝ դեկտեմբերի կեսին բնապահպան ներկայացող ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախի հայերին թողնելով շրջափակման մեջ, հայկական կողմն էլ պատճառաբանելով առաջացած ճգնաժամը՝ Մոսկվայում չմասնակցեց արտգործնախարարների հանդիպմանը՝ արժանանալով Լավրովի կշտամբանքին: Օրեր անց էլ Սանկտ Պետերբուրգում չկայացավ Կրեմլի առաջարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, համենայնդեպս պաշտոնական մակարդակով, տեսախցիկների առջև, թեև Պուտինն ավելի ուշ հայտնել էր, որ երեք առաջնորդներով քննարկում ունեցել են՝ առանց որևէ մանրամասնի։ 2023-ին բանակցությունների վերսկսման մասին ոչ Երևանն ու Բաքուն, ոչ էլ միջնորդ կողմերը չեն հաղորդում։
Your browser doesn’t support HTML5