Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կեսգիշերին տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին:
Նա ասել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է ռուսների հրթիռային գրոհներին, որոնց հետևանքով շարքից դուրս եկած էներգահամակարգի վերականգնումը ժամանակ է պահանջելու:
Խոսելով պատերազմի մասին, Զելենսկին հավաստիացրել է, որ Ուկրաինայի բանակն ընդհանուր հաշվով պահում է դիրքերը:
«Դոնբասի արևելքում ռազմաճակատի որոշ հատվածներում մենք առաջխաղացում ենք ապահովել», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև հավաստիացրել է, որ դաշնակիցների օգնության շնորհիվ 2023 թվականին հակաօդային պաշտպանությունը կաշխատի շատ ավելի արդյունավետ ռեժիմով և այդպես կհզորացնի թե՛ Ուկրաինայի և թե՛ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը:
«Դա մեր ամենակարևոր խնդիրներից է, և ես համոզված եմ, որ մենք այն անպայման կլուծենք», - ասել է Զելենսկին: