Արցախի շրջափակման հարցը լուծելու գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, հայտարարում է Դաշնակցությունը՝ պնդելով, թե կառավարության քայլերը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ բավարար չեն։
Կուսակցության երիտասարդական միությունն այսօր իշխանությունների հասցեին մեղադրանքներով քայլերթ էր կազմակերպել՝ ուղղությունը կառավարության շենք։
«Արցախում ապրում են Հայաստանի Հանրապետության շուրջ 120 հազար քաղաքացիներ։ Դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտականությունն է քաղաքացիների անվտանգությունը, բարօրությունը ապահովելը։ Հետևաբար եթե իրենք իրավազոր չեն, իրենք կարողություն չունեն և առհասարակ ցանկություն էլ չունեն, մնում է մեկ տարբերակ՝ պետք է հեռանան», - ասում է երթի կազմակերպիչներից Սևակ Նազարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիրները Մոսկվայից համարժեք գործողություններ չեն պահանջում ու այսպիսի ակցիներ ՌԴ դեսպանատան առջև չեն կազմակերպում, երբ արդեն 17 օր փակված Լաչինի միջանքը հենց այդ երկրի խաղաղապահ առաքելության գոտում է, Նազարյանն արձագանքեց. - «Ռուսաստանի դեսպանատան մոտ առաջին օրը հենց մենք էլ այցելել ենք, փոխանցել ենք մեր դիմում-նամակը։ Եվ իմաստ չենք տեսնում ամեն օր էդ նույն գործողությունը անելու։ Շատ հստակ է, որ իրենց գիտակցում են իրենց պարտավորությունները։ Նորից եմ կրկնում՝ եթե Հայաստանի իշխանություններն ունենան հստակ դիրքավորում, հայանպա'ստ դիրքավորում էս հարցում, ես վստահ եմ, խաղաղապահ առաքելությունը շատ ավելի հեշտ ու արագ կկարողանա էս հարցը լուծել»։
Երիտասարդների երթին մասնակցում էին նաև դաշնակցական մի քանի պատգամավորներ։ Այստեղ էր նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա անբնական է համարում, որ ստեղծված իրավիճակում մայրաքաղաքի փողոցներում այժմ տասնյակ հազարավոր ցուցարարներ չկան։
Պատգամավորը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն Ռուսաստանի պարտավարություններից էլ խոսելու հարցում. - «Այո, ռուս խաղաղապահները պարտավոր են կատարել իրենց առաքելությունը լիարժեք և տեղիք չտան Ադրբեջանի սադրանքներին։ Եվ դա պարտավոր են անել։ Գիտե՞ք ինչ կա. մեր կառավարությունը անո՞ւմ ա... Երբ որ չկա պետություն, երբ որ անտերություն է համատարած, երբ որ ողջ մի պետական կառավարման համակարգ իր ամբողջ ռեսուրսներով մի նպատակ ունի՝ պահել իրենց իշխանությունը, արդյունքում ունենում ենք այն, ինչ որ ունենք»։
Հայաստանից ու Արցախից իշխանությունների հասցեին հնչող
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղարմեղադրանքներին ու ավելի գործուն քայլեր իրականացնելու պահանջներին օրերս արձագնքեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վստահեցնելով՝ իշխանությունն իր ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառում է. - «Երբ մեզ են մեղադրում, այստեղ հարցեր են առաջանում՝ արդյոք նրանք իշխանությունների՞ ընդդիմություն են, թե՞ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունն են: Քանի որ մենք իշխանություն ենք, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, և դրա վառ օրինակներից մեկը վերջերս ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումն է՝ նիստը, որի շրջանակներում քննարկվել է Լաչինում ստեղծված հումանիտար ճգնաժամը, և այս առումով կարծում եմ, որ հստակ է, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները կիրառում է»։
Ցուցարարներն ակցիայի ավարտին մի մեծ սլաք տեղադրեցին կառավարության շենքի առջև՝ այդկերպ ցույց տալով, թե ում են մեղավոր համարում։