Հրատապ աջակցություն Արցախին․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
Շեշտելով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբան անհրաժեշտությունը՝ մասնակիցները ներկայացրել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:
Ըստ հիմնադրամի մամուլի ծառայության՝ ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նիստը վարել է Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեսակապի միջոցով նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:
Արդեն 17 օր է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիները պատրաստվում են գիշերել ռուս խաղաղապահների տեղակայման վայրում