Իտալիայի վարչապետի և Ուկրաինայի նախագահի միջև հեռախոսազրույց է կայացել

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի, արխիվ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է իր կառավարության լիարժեք աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Իտալիայի կաբինետի ղեկավարի գրասենյակը։

Մելոնին, ով ստանձնել է պաշտոնը հոկտեմբերին, Կիևի հաստատակամ կողմնակիցն է, չնայած իշխող կոալիցիայի ներսում խնդրի շուրջ տարաձայնություններին և երկրում հասարակական կարծիքի պառակտմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիայի նոր կառավարությունը կշարունակի անվերապահորեն սատարել Ուկրաինային

«Մելոնին վերահաստատել է Իտալիայի կառավարության լիակատար աջակցությունը Կիևին քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքներին և Ուկրաինայի ապագա վերակառուցման համար», - ասվում է Իտալիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։

Ավելի վաղ Թվիթերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն էր հայտնել Մելոնիին «համերաշխության և համակողմանի աջակցության» համար և հայտնել, որ Իտալիան դիտարկում է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը։

Անցյալ շաբաթ դիմելով արևմտյան երկրների ղեկավարներին՝ Ուկրաինայի նախագահը խնդրել էր իր երկրին տրամադրել սպառազինության լայն տեսականի ու հակաօդային պաշտպանության համակարգեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի երկրներին կոչ է անում Կիևին ՀՕՊ համակարգեր մատակարարել

Այս ամիս Reuters-ին տված հարցազրույցում Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոսետոն հաստատել է, որ Կիևը Հռոմից խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր` ներառյալ ֆրանս-իտալական SAMP/T համակարգը: