«Արցախում ունեն Հայաստանի ու հայության համակողմանի աջակցության կարծիքը»,- հայտարարում են արդեն 16 օր շրջափակված Ստեփանակերտից։ Հայաստանից ավելին ակնկալելու մասին խոսել է նաև արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ առանց, սակայն, հստակեցնելու, թե կոնկրետ ինչ են սպասում։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքով՝ Ստեփանակերտում կա այդ ընկալումը, որ Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում միջանցքը բացելու համար։
«Ընդհանուր եթե միջազգային հանրությունից մենք ակնկալիք ունենք, ապա կրկնակի ակնկալիքը Հայաստանի Հանրապետւթյան իշխանություններից է, որը չենք տեսնում», - նշեց նա:
Հայաստանի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել միջանցքի փակման ու դրա ծանր հետևանքների մասին, վարչապետը հայտարարել է, որ Բաքուն կոպտորեն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները՝ շրջափակման մեջ պահելով 120 հազար մարդու, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված․ վարչապետ«Քաղաքացիական պայմանագրից» պնդում են, որ հնարավոր ամեն ինչ անում են հարցը դիվանագիտական եղանակով լուծելու համար: Արցախում, սակայն, ըստ պատգամավորի, չեն նկատվում այդ ջանքերը, իսկ ամեն ինչ անելու մասին հայտարարությունները չեն համոզում. «Իսկ այսօր մենք տեսնում ենք այն թեզերը, թեկուզ իշխանության մոտ խողովակներով, ոչ ուղղակիորեն, որ Հայաստանի իշխանությունները փորձում են թողնել Արցախն իր պրոբլեմների հետ միասին և սա դարձնում են Արցախ-Ադրբեջան և ինչու չէ, ինչ-որ տեղ Ռուսաստանի խնդիր, բայցոչ Հայաստանի»:
Իշխանությունները նման կրավորական կեցվածքով հարցեր լուծել չեն կարող, պնդում է արցախցի պատգամավորը։
«Հարցի լուծման այլ տարբերակները հղի են անկանխատեսելի հետևանքներով», - հակադարձում են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։ Հայաստանյան ընդդիմադիրների համար էլ, սակայն, իշխանությունների բացատրությունները համոզիչ չեն։
«Այս իշխանությունները, որոնք եկան Ազգային ժողով Արցախի դեօկուպացիայի խոստումով, անջատում հանուն փրկության խոստումով, այսօր ընդհանրապես չեն խոսում Արցախի քաղաքական կարգավիճակի մասին: Կարգավիճակ բառն ընդհանրապես հանել են օրակարգից, չեն խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, և դա էր այդ ուղերձը: Առաջին բանը, որ ՀՀ-ն պետք է անի, միջազգային ասպարեզներում շարունակի Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղումը», - ասում է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, կոչ արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքովԼաչինի միջանցքի փակումը հնարավորություն է նորից բարձացնելու Արցախի ինքնորոշման հարցը, պնդում է նա. «Պարզ դեբատի փոխարեն պետք է բարեկամ երկրների միջոցով կամ ուղղակիորեն բանաձև մտցնեին Անվտանգության խորհուրդ, Անվտանգության խորհուրդը պետք է հստակ այդ հարցը քաղաքականացներ, հիմա այսպես մենակ իջեցնել հումանիտար հարթություն, դա ոչ մի բան չի անի, քաղաքական խնդիրը պետք է քաղաքական հարթության մեջ լուծվի»:
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը պահանջեց, որ Ադրբեջանը լիարժեք հարգանք ցուցաբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հանդեպ և անմիջապես ու առանց նախապայմանների ապաշրջափակի Լաչինի միջանցքը։
Իշխանություններին ուղղված ընդդիմության մեղադրանքները հարցեր են առաջացնում, Հանրայինի հետ զրույցում հակադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երբ մեզ են մեղադրում, այստեղ հարցեր են առաջանում՝ արդյոք նրանք իշխանությունների ընդդիմություն են, թե՞ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունն են: Քանի որ մենք իշխանություն ենք, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, և դրա վառ օրինակներից մեկը վերջերս ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումն է՝ նիստը, որի շրջանակներում քննարկվել է Լաչինում ստեղծված հումանիտար ճգնաժամը, և այս առումով կարծում եմ, որ հստակ է, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները կիրառում է: Ես համոզված եմ, որ մենք որևէ այլ քայլ անենք, նրանք մեզ մեղադրելու են նույն տրամաբանության մեջ՝ ինչի՞ եք սա անում, մյուսը չեք անում»:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 16 օր, 1000-ից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ տուն վերադառնալու հնավորություն չունեն: Երեկ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից հետո էլ հստակ չէ՝ երբ կբացվի միջանցքը։