Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը "Россия 1" հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:
«Իհարկե, մենք դրանք հեշտությամբ կոչնչացնենք, 100 տոկոսով», - վստահեցրել է նա լրագրողի հետ զրույցում՝ միաժամանակ հիշեցնելով, որ Ուկրաինան դեռ նման համակարգեր չունի:
Ավելի վաղ Պուտինն ասել էր, թե Patriot-ը բավականին հին համակարգ է և չի աշխատում այնպես, ինչպես, օրինակ, աշխատում է ռուսական C-300-ը (S-300):
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն: Այցի ժամանակ Բայդենը հայտարարել էր Կիևին ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է գերարդիական և գերհզոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ«Ամերիկյան Patriot համակարգի ոչնչացումը Ուկրաինայում շատ կարևոր կլինի ռուսական քարոզչության համար, որը ճակատում հաջողության ակնհայտ բացակայություն ունի», - գրում է Forbes-ի սյունակագիր, ռազմական հարցերով փորձագետ Փոլ Իդոնը: Նրա կարծիքով՝ Patriot-ի ոչնչացումն ավելի կարևոր կլինի քաղաքակա՛ն տեսանկյունից, քան՝ ռազմական, քանի որ մեկ համալիրն, ամեն դեպքում, չի կարող լուծել մեծ պետության տարածքի զանգվածային ռմբակոծման հետ կապված խնդիրը:
Թե որքանով է Ուկրաինայի զինված ուժերում այս համալիրի հայտնվելը անհանգստացնում Մոսկվային, կարելի է դատել նրանից, որ Պուտինը մի քանի օրում երկու անգամ արդեն անդրադարձել է հարցին: ՀՕՊ համակարգի համար վտանգը, Forbes-ի հեղինակի կարծիքով, կարող է ծագել բալիստիկ հրթիռներից, որոնք Ռուսաստանը ուզում է գնել Իրանից: Այս գործարքը, սակայն, դատելով բաց տեղեկություններից, դեռ չի կայացել: