«Ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորումը տեղի կունենա փուլային տարբերակով». Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, այսօր հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունները կկարգավորվեն փուլ առ փուլ։

«Ակնկալում ենք, որ փուլային առաջընթաց կլինի այնպիսի հարցերում, ինչպիսին են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, մարդասիրական հարցերի լուծումը», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Գալուզինը նաև ասել է․ - «Մենք ելնում ենք այն իրողությունից, որ [հայ-ադրբեջանական] խաղաղ պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքներին կնպաստեն բարձր մակարդակում կայացված այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այդ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզ է ձևավորվել»։

ԱՊՀ պետությունների հետ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարարի պաշտոնում Գալուզինը նշանակվել էր մեկ ամիս առաջ՝ փոխարինելով Անդրեյ Ռուդենկոյին։

Նախկինում Միխայիլ Գալուզինը զբաղեցնում էր Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԳՆ․ Այսօր գերակայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը