Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նաև շեշտեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին՝ պարզաբանելով՝ բեռների, մարդկանց, ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության, իրականացվի, Լաչինի միջանցքի գործընթացը վերականգնվի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն Աժ արտահերթ նիստի մեկնարկին նախ թվարկեց՝ Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձնված է, երկրորդ ճանապարհ չկա, հիմա էլ փակ է Բերձոր-Լաչին միջանցքը, ապա իշխանություններին մեղադրեց ոչ պետական մտածողություն ունենալու մեջ։
«Հիմա Հայաստանում ՔՊ իշխանությունն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի, իշխանություն՝ իշխանության համար», - ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ «Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը», չկա համախմբում, քաղաքական-պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Քննադատության արձագանքեց նաև Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով՝ Լաչինի միջանցքը փակ է եղել, բացվել է, հիմա էլ է փակ՝ կբացվի, ի՞նչ ճանապարհներով, դրա մասին էս հարթակներից չէ, որ խոսում են։
«Դրա համար պետք է Արցախում մեր արցախցիներն ապրեն, հնարավորինս չլքեն էդ տարածքը։ Կգա ժամանակ, որ մենք չենք վիճի, թե Արցախն ով փրկեց։ Արցախի փրկությունը լուծել է Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության հետ միասին», - ասաց Քոչարյանը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:
Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ իրավիճակը շատ բարդ է, 264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան՝ նկատելով՝ ամեն մի ժամն ավելացնում է մարդկանց և՛ անհանգստությունը, և՛ մտահոգությունը, թե որն է ելքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սննդի, դեղորայքի բացակայությունն Արցախում ամենուր է նկատելի