Ֆուտբոլի արքա Պելեի առողջական վիճակը վատթարացել է

20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն, արխիվ:

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի գերաստղ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուի՝ Պելեի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Քաղցկեղով հիվանդ 82-ամյա Պելեն այս տարվա նոյեմբերի 29-ից գտնվում է Սան Պաոլո քաղաքի «Ալբերտ Էյնշտեյնի» հիվանդանոցում:

Բժիշկները Պելեի մոտ անցյալ տարվա սեպտեմբերին հաստ աղիքի քաղցկեղ են հայտնաբերել և վիրահատել են:

Պելեն հետագայում նաև քիմիաթերապիայի և ճառագայթման թերապիայի բուժում է ստացել, սակայն, ըստ բժիշկների, «չարորակ ուռուցքը նորից արթնացել և տարածվել է»:

Այս օրերին Պելեի մոտ ախտորոշվել է նաև սրտի և երիկամների անբավարարություն և շնչառական վարակ, ինչը, հավանաբար, քաղցկեղի առաջացրած ընդհանուր թուլության հետևանք է:

Պելեի դուստրը`Կելի Նասիմենտուն հայտնել է, որ հայրը Սուրբ Ծնունդի տոնական օրերին կմնա հիվանդանոցում:

Քաթարում վերջերս ավարտված ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընթացքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց հաղթանակները և գոլերը նվիրել են լեգենդար հայրենակցին: Բրազիլիայի թիմն, այնուամենայնվ, կիսաեզրափակիչ չի անցել:

Հիվանդանոցից խաղերին հետևած Պելեն նրանց դիմել է հատուկ ուղերձով, հավատացնելով, որ «Բրազիլիայի ընտրանու հաղթանակները դեռ առջևում են»: