Սենատը Լին Թրեյսիին հաստատեց Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Նախագահ Ջո Բայդենի կողմից սեպտեմբերին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 93 օրենսդիր, դեմ է քվեարկել երկու սենատոր։

Նա կլինի Նահանգների առաջին կին դեսպանը Ռուսաստանում։ Պրոֆեսիոնալ դիվանագետ Թրեյսին մինչ այս ԱՄՆ-ի դեսպանն էր Հայաստանում։ Դիվանագիտական գործունեության ընթացքում նախկինում նա աշխատել է Մոսկվայի դեսպանատանը, ինչպես նաև Պետդեպարտամենտում Եվրոպայի և Եվրասիայի բաժնում զբաղեցրել է Ռուսաստանի գծով ավագ խորհրդականի պաշտոնը։

Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպանն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ համաձայն է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությանը և պաշտպանում է հակառուսական սահմանափակումների հետագա խստացումը։

Նա նշել էր, որ առաջնահերթություն է համարելու Ռուսաստանի Դաշնությունում կալանքի տակ գտնվող ամերիկացիների ազատ արձակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն ու նոր դեսպանի թեկնածուն մասնակցել են Սենատի հանձնաժողովի լսումներին