Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է ավելի քան մեկ շաբաթ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Բեգլարյանը ողջունեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունները, որոնցում նրանց մեծ մասը պահանջեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը, միաժամանակ նշեց՝ սա չի նշանակում, որ իրենց առաքելությունն ավարտված է:
«Մենք որոշել ենք նստացույցի և բողոքի ակցիաների այս տարբերակը փոխարինել մեկ այլ ձևաչափով` ամեն երեկո ժամը 19:00-ից մի քանի ժամ շարունակ այստեղ կհավաքվենք, մտքերի փոխանակում կիրականացնենք, տեղեկություններ կփոխանակենք ու կպլանավորենք հաջորդ օրվա անելիքները, իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կիրականացնենք, որպեսզի ավելի արդյունավետ կերպով օգտագործենք ժամանակը և մեր ունեցած ներուժը», - հայտնեց Արտակ Բեգլարյանը:
Նա հորդորեց չդադարեցնել բողոքի ակցիաները՝ հաջակցություն Արցախին, գտնել ոչ ստանդարտ լուծումներ և «հնարավորինս ակտիվորեն տարբեր ձևերով ձայնը բարձրացնել»:
Արդեն տասը օր Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ են պահում էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները:
Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Անցած գիշեր Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ այսօր որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: