Ամանորին ընդառաջ սնունդն է'լ ավելի է թանկացել

Ամբողջ տարվա ընթացքում թանկացումների բեռը զգացած քաղաքացիներն ասում են՝ Ամանորին ընդառաջ սնունդն է'լ ավելի է թանկացել։ Մեկը մսամթերքի գներն է մատնանշում, մյուսը՝ ընկուզեղենի։

«Կաթնամթերքնվա, պանիրը... Մսամթերքը սուպերմարկետներում թանկացել ա բավականին՝ երեք հազարից հինգ հազար ա դարձել», - ասում է երևանցի մի տղամարդ։

Կին գնորդը հավելում է. - «Հացեղենը, միսը որ ահավոր գին ա։ Չեմ ասում էն աղանդները, եսիմինչերը, բաստուրմա, սուջուխ... իրոք շատ-շատ ա թանկացել»։

Թե կոնկրետ որ ապրանքներն են այս ամիս թանկացել ու քանի տոկոսով, պարզ կդառնա հունվարի սկզբին։ Գնաճը վերահսկող Կենտրոնական բանկից ավելի վաղ հայտարարել էին՝ դեկտեմբերին թանկացումների տեմպն արագանալու է. - «Մեր կանխատեսումների համաձայն, դեկտեմբերին որոշակի արագացում կլինի, սակայն, մի փոքր ավելի ցածր քան մենք նախկինում անկալում էինք։ Մեր կանխատեսումը տարվա համար 9-9,5 տոկոսի միջակայքում է»։

Պաշտոնական վերջին տվյալներով, սննդամթերքի գնաճը Հայաստանում 11,1 տոկոս է կազմում, պատասխանատուներն ասում են՝ առաջիկայում գների իջեցում սպասել պետք չէ։

Ամենաշատը թանկացած ապրանքների թվում շարունակում են մնալ հացը, միսը, կաթնամթերքն ու ձավարեղենը։

Մայրաքաղաքի ամենախոշոր սուպերմարկետներից մեկում այսօր 1 կգ տավարի փափուկ միսը վաճառվում էր շուրջ 4700 դրամով, ավանդական խոզի բուդը՝ 3500 դրամով։ Քաղաքացիները հատկապես առանձնացնում էին ընկույզի թանկացումը՝ մաքրածն այստեղ մինչև 14 հազար դրամով էր վաճառվում։

Համատարած թանկացումների ու անվտանգային սուր խնդիրների այս շրջանում որքա՞ն գումար են պատրաստվում ծախսել քաղաքացիները Նոր տարվա առևտրի համար։ Պատասխանները շատ տարբեր էին՝ ամենահամեստ թվերից մինչև շատ ճոխ գնումներ։

Հնչեցրած թվերը տատանվում էին 40 և 200 հազար դրամի միջակայքում։

Անցած տարի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններից հետո կրճատվեցին տոնական օրերը։ Այս տարի ոչ աշխատանքային են միայն հունվարի 2-ը և 6-ը։