Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հեգնում է՝ ժողովրդին սիրող վարչապետը ցանկանում է հաջորդ տարվա բյուջեով իր աշխատավարձը բարձրացնել 243 հազար դրամով, նախարարներինը՝ 142 հազարով, պատգամավորներինը՝ մոտ 120 հազարով, մինչդեռ նվազագույն աշխատավարձ ստացողներինը՝ ընդամենը 7 հազար դրամով։
Եվ սա այն պարագայում, որ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, շարունակվող գնաճի պայմաններում աղքատների սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու, քանի որ նրանց եկամուտներն անգամ այսօր չեն բավարարում նվազագույն կարիքները հոգալուն։
«Ամեն հաջորդ օր, նաև հաջորդ տարի, մեր քաղաքացիները, խոսքը վերաբերում է նախևառաջ աշխատող աղքատներին, միայնակ կենսաթոշակառուներին, ընդհանրապես աղքատ ընտանիքներին, ավելի վատ են ապրելու ամեն հաջորդ օր, քան դրա նախորդ օրը, որովհետև ամեն հաջորդ օր գները բարձրանում են իրենց եկամուտներն էլ դրան հանաչափ, բնականաբար, չեն բարձրանում», - ասաց Ավետիսյանը։
Պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ, կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի 31 600 դրամ նվազագույն կենսաթոշակը դարձնել 36 հազար դրամ։ Բազային աշխատավարձը, որի հիման վրա էլ ձևավորվում է պետական աշխատողների վարձատրությունը, կդառնա 83 հազար դրամ՝ ներկայիս 66 հազարի փոխարեն։ Իսկ նվազագույն աշխատավարձը 68 հազարից կդառնա 75 հազար դրամ։
Արձագանքելով ընդդիմության քննադատությանը, թե ի տարբերություն պաշտոնյաների, հասարակ քաղաքացիների կյանքը այս փոփոխությունից չի բարելավվի, Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանում է՝ 250 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների, այդ թվում վարչապետի ու նախարարների ախատավարձերը բարձրացնում են, բայց փոխարենը նվազեցնում են նրանց պարգևավճարները, այսինքն՝ արդյունքում եկամուտները նույնն են մնում։ Մինչդեռ պետական համակարգում մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների և' աշխատավարձն են բարձրացնելու, և' պարգևավճարն են պահպանելու։
«250 հազարից ավելի աշխատավարձ ստացողների մասով փաստացի՝ թղթի վրա, աշխատավարձն ավելանում է, բայց պարգևատրումը պակասում է, այսինքն՝ այն ժամանակ իրենք ստանում էին, օրինակ, 300 հազար դրամ աշխատավարձ գումարած 30 տոկոս պարգևատրում, հիմա ստանալու է 390 հազար դրամ աշխատավարձ գումարած 15 տոկոս պարգևատրում։ Այսինքն՝ պարգևատրման 15 տոկոսը դառնալու է աշխատավարձ, և մարդու իրական տնօրինվող եկամուտը ոչ մի դրամ չի ավելանալու», - ասաց Պապոյանը։
Թադևոս Ավետիսյանը հակադարձում է՝ իշխանությունը ապօրինի է պարգևավճարներ բաժանում նախարարներին ու մյուս պաշտոնյաներին, քանի որ վարձատրության մասին օրենքը թույլ չի տալիս պարբերական պարգևավճարներ սահմանել։ Ըստ ընդդիմադիր պատգմավորի, այժմ փորձում են անօրինական պարգևատրման մի մասից ազատվել՝ բարձրացնելով աշխատավարձերը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նույնպես անընդունելի է համարում պաշտոնյաների, այդ թվում պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը։ Նրա կարծիքով, կառավարությունը նախևառաջ պետք է շեշտակի բարձրացներ ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը։
Թովմասյանը պարգևավճարների հաշվին պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կոռուպցիայի օրինականացում է համարում. - «Իշխանությունը ընդամենը լեգալացրել է այն բոլոր քայլերը, որոնք մինչ այս իրականացվում էին։ Կարծում եմ, որ սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի օրինականացում, որովհետև սովորաբար պարգևավճար ստանում են մարդիկ, ովքեր լավ են աշխատում, այլ ոչ թե մարդիկ, ովքեր ուղղակի աշխատում են պետական հաստատությունում»։
Մեզ հանդիպած քաղաքացիները միանշանակ դիրքորոշում չունեին պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու հարցում։ Ոմանք կառավարության այդ քայլը խիստ քննադատում էին, ոմանք էլ՝ օրինաչափ համարում։
Իսկ թոշակ ստացողները թեև նշում էին, որ այդ գումարով չէին կարողանա ապրել, եթե չաշխատեին կամ օգնող չունենային, բայց այնուամենայնից դրական էին գնահատում վերջին շրջանում թոշակների թեկուզ չնչին բարձրացումը։
«Եթե երկրի մինիմում աշխատավարձը 65 հազար ա, ո՞վ ա իրանց իրավունք տվել աշխատավարձ բարձրացնել։ Հետո՞ ինչ, որ իրավունքը իրանց ձեռն ա։ 41 տարվա ստաժ ունեմ, 50 հազար թոշակ եմ ստանում... Կարա՞ն ապրեն մեկնումեկը դրանով», - դժգոհեց մի տարեց կին։
Մեկ այլ կին ասաց. - «Բարձրացել ա երկու անգամ, շատ գոհ ենք»։