Ադրբեջանը Լաչինի միջանցքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում, այսօր Ազգային ժողովում, արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ «հիմնական նպատակը սա է»։
Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ՝ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացելու և Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որպես իշխանություն ի՞նչ են արել և ի՞նչ են անում, առաջարկում՝ ճանապարհը բացելու համար և ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, Գրիգորյանը, նախ վկայակոչեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա պատասխանեց՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է, և կոչ արեց ընդդիմությանն՝ այս ուղղությամբ աշխատել, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։
ԱԽ քարտուղարն ընդգծեց՝ իշխանություններն աշխատում են Ռուսաստանի հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։
«Այս պրովոկացիան, ոը կազմակերպել է Ադրբեջանը, որն ինչպես նշեցի՝ էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին։ Իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար», - եզրափակեց Գրիգորյանը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Պաշտոնական տվյալներով, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ճգնաժամը և բլոկադան շարունակվում են։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի դիմումի հիման վրա, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, կքննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ ՀՀ ԱԳՆ