Մինսկում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Մինսկում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Ալեյնիկի հանդիպումը։

Սա Լավրովի առաջին բանակցություններն են Բելառուսի նորանշանակ արտգործնախարարի հետ։ Ալեյնիկը Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնել է երկրի երկարամյա արտգործնախարար Վլադիմիր Մակեյի մահից հետո։

Լավրովը Մինսկ է ժամանել Ռուսաստանի նախագահի այցից մի քանի ժամ առաջ։ Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինի ղեկավարած պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք կժամանի այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Մի շարք բելառուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակության կազմում է լինելու նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Անցած շաբաթավերջին մեկնաբանելով առաջիկա բանակցությունները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ բանակցությունները կարող են հանգեցնել երկրի ինքնիշխանության հետագա սահմանափակման։

«Մոսկվայի հետ իրականացվող ծրագրերը որևէ կերպ չեն վնասում ոչ Ռուսաստանի և ոչ էլ Բելառուսի ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է Լուկաշենկոն։