Միացյալ Նահանգների Կոնգրեսի մոտ երեք տասնյակ անդամներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ, դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը: Նրանք զգուշացրել են, որ մարդասիրական աղետը անխուսափելի կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն:
«Միացա գործընկերներիս՝ նամակով դիմելով նախագահին և կոչ անելով նրան քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, երբ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով հազարավոր մարդկանց», - Թվիթերում գրել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Դեկտեմբերի 13-ից 16-ն էլ Արցախում գազամատակարարումն էր դադարեցված: