Պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել. Արցախի պետնախարար

Արցախի օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։

Նշելով, որ Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել, Արցախի պետնախարարն ասել է. - «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»:

Ներկայացվել է նաև Արցախում դրամաշրջանառության և մասնավորապես,կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։