Ռուսաստանը կրկին գնդակոծում է ուկրաինական քաղաքները. Կիևում նաև ջրամատակարարումն է ընդհատվել

Ռուսաստանը կրկին ուժգին գնդակոծում է ուկրաինական քաղաքները. առավոտից երկրի ողջ տարածքում հայտարարվել էր օդային տագնապ։

Ըստ իշխանությունների, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 76 հրթիռ, որոնցից 60-ը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ երթևեկությունը մայրաքաղաքի մետրոյում ժամանակավորապես դադարեցված է։ Ստորգետնյա կայանները դարձել են ապաստարան։ Էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասների պատճառով Կիևում նաև ջրամատակարարումն է ընդհատվել:

Խարկովում չկա էլեկտրամատակարարում։ Քաղաքապետը հայտնել է, որ առանց լույսի և ջեռուցման մնացած բնակիչները կարող են տաքանալ և լիցքավորել հեռախոսները մարտկոցներով աշխատող հատուկ կետերում։ Կրիվոյ Ռոգում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, կան զոհեր։ Ռմբակոծվել են նաև Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը։ Խափանվել է երկաթգծի աշխատանքը մի քանի մարզերում։

Չդադարող այս ռմբակոծությունների ֆոնին Նախօրեին, հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկայում գերհզոր և գերարդիական Patriot զենիթահրթիռային համակարգեր տրամադրել Կիևին։ Մոսկվան սպառնացել էր, թե այդ համակարգերը կդառնան թիրախներ ռուսական զինուժի համար: Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիք Ռայդերն էլ, իր հերթին, հակադարձել է. - «Մենք մտադիր չենք ռուսների մեկնաբանությունները հաշվի առնել Ուկրաինային օգնություն տրամադրելու գործում»:

Ռայդերը նաև հայտնել է, որ Գերմանիայում տեղակայված ռազմական ճամբարներում ամերիկացի զինծառայողները հատուկ դասընթացներ կվարեն ուկրաինացի զինծառայողների համար:

Ռազմական գործողությունները էլ ավելի են ակտիվանում

Չնայած ցրտաշունչ ձմռանը շուրջ 10 ամիս տևող ռազմական գործողությունները էլ ավելի են ակտիվանում։

Ուկրաինայի բանակի գեներալ Օլեքսիյ Գրոմովն ասում է, թե Մոսկվան մտադիր չէ կանգ առնել․ - «Կրեմլը գիտակցում է, որ կարճաժամկետ հեռանկարում անհնար է հաղթանակի հասնել՝ այդպիսով ձգտելով հակամարտությունը վերածել երկարատև զինված առճակատման»։

Ռմբակոծություններին զուգահեռ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները: Նախագահ Զելենսկու խոսքով՝ այսօր հատկապես թեժ է Դոնբասում:

«Այսօր Դոնբասում, ինչպես նախորդ բոլոր շաբաթներին, ռուսական դաժան հարձակումները շարունակվում են։ Օկուպանտները հարձակման են նետում բոլորին և այն ամենն, ինչ ունեն: Նրանք չեն կարող հաղթել մեզ, ուստի ֆիզիկապես ոչնչացնում են քաղաք և գյուղ, որպեսզի չմնան շենքեր, նույնիսկ պատեր, որոնք կարող են օգտագործվել պաշտպանության համար», - ասել է Զելենսկին:

Ուկրաինացի զինվորականները պատմում են, որ Դոնեցկի մարզում` Բախմուտի մոտ ռուսները փոխել են մարտավարությունը. հարձակվում են փոքր դիվերսիոն խմբերով` փորձելով շրջապատել քաղաքը։ Ավերակների վերածված քաղաքը փորձում են գրավել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինվորները:

«Մենք պարբերաբար լսում ենք նրանց, հրամանատարներն ասում են զինվորներին՝ «եթե մինչև երեկո չգրավեք այս կամ այն տեղանքը, մենք ձեզ կգնդակահարենք», - պատմել է ուկրաինացի զինվորականներից մեկը:

Ռուսները քաղաքի արվարձաններում են, Բախմուտի կենտրոնը, սակայն, դեռ ուկրաինական վերահսկողության տակ է։ Ուկրաինական կողմը հայտնում է նաև, թե ռուսները հարձակման են պատրաստվում և՛ Զապորոժիեի, և՛ Խարկովի մարզերում։