Արցախի նախկին պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն արդեն երկրորդ օրն է՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև են անցկացնում, ամբողջ գիշեր տարածքում են եղել՝ բաց երկնքի տակ՝ իրենց միացած մի խումբ քաղաքացիների հետ միասին։
«Բնականաբար, գիշերը ցուրտ էր, բայց դիմանալու էր: Հանուն նպատակի, հանուն պայքարի շատ ավելի ցուրտ պայմանների ու ավելի մեծ զրկանքների կարող ենք դիմանալ, առավել ևս որ մեր հարազատները, մեր հայրենակիցները Արցախում շատ ավելի դժվար պայմանների ու զրկանքների առջև են կանգնած», - ասաց Բեգլարյանը:
Անժամկետ նստացույց հայտարարած Բեգլարյանը կարծում է, որ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Արցախի հարցով բանաձևի ընդունում։
«Ես պատկերացնում եմ, որ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի դերը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով պետք է լինի, որպեսզի նաև հստակ մանդատ լինի խաղաղապահ առաքելության, անվտանգային գործիքակազմ լինի, հստակ քաղաքական պարտավորություններ ստանձնեն լրացուցիչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր երկրները ու հատկապես հինգ մշտական անդամները», - ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը:
Երեկվանից Արտակ Բեգլարյանն ու նստացույցին մասնակցող մի խումբ քաղաքացիներ փակել են նաև ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, Արցախցի պաշտոնյան խորհրդանշական է որակում իրենց քայլը։ Հայտնեց՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարները իր հետ դեռ չեն հանդիպել:
Արցախի պետնախարարի խորհրդականը, Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիներ այսօր նաև բողոքի ակցիաներ են կազմակերպել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատաների ու Եվրամիության պատվիրակության գրասենյակի առջև։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետություններից ակնկալում են քայլեր ձեռնարկել, որպեսզի Արցախն ունենան երկարաժամկետ միջազգային անվտանգության երաշխիքներ։
Սկսեցին Միացյալ նահանգների դեսպանատնից։ Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, հայտարարում էր Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի այդ պարտավորությունը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ իրական քայլեր ձեռնարկելու, վերջ դնելու այդ անպատժելիությանը: Սա չի կարող շարունակվել, սա կոնկրետ ցեղասպանություն է», - նշեց Ստեփանյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները եղան նաև Չինաստանի դեսպանատան, Եվրամիության պատվիրակության գրասենյակի առջև։ Ռուսաստանի դաշնության դեսպանատան առջև Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ Մոսկվան կարող է և պետք է զսպի Ադրբեջանին։
«Պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները և ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար: Ես վստահ եմ, որ դա Ռուսաստանի Դաշնությունը կարող է անել այս պահին, շատ կարճ ժամկետում և խաղաղապահ առաքելության գործիքակազմերը և ՄԱԿ-ի գործիքակազմերը կիրառելով լուծում տալ այս հումանիտար աղետին, վերացնել Արցախի ժողովրդի շրջափակումը», - ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
Նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ու ԵԱՀԿ համանախագահող Ֆրանսիային են կոչ անում անել հնարավորը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը բացելու համար։
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր գործուն ջանքերը գործադրի հակամարտության կարգավորման ուղղությամբ և որպես ԱՄԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ՄԱԿ-ի մարմինների միջոցով, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի միջոցով երաշխավորի այս մի քանի օրվա հումանիտար աղետի կանխումը, ցամաքային ճանապարհի բացումը, օդային միջանցքի բացումը», - հայտարարեց Արտակ Բեգլարյանը:
Միացյալ թագավորության դեսպանատան դիմաց էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Կաշենի հանքը Բրիտանիայում գրանցված ընկերություններից մեկն է ձեռքբերել, հայտարարեց՝ Արցախի ընդերքը պատկանում է Արցախի ժողովրդին։
«Արցախում շահագործվող բոլոր հանքերը Արցախի ժողովրդի սեփականությունն են, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչ պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին», - ասաց Ստեփանյանը:
Քաղաքացիները նաև խորհրդանշական ակցիան իրականացրին՝ թղթյա օդանավեր նետելով։ Արցախում ոչ միայն ցամաքային, այլ նաև օդային սահմանի բացումն են անհրաժեշտություն համարում։
Ցուցարարների շարքում Արցախից տեղահանվածներ կային։ Հադրութցի Մարինա Կարապետյանն ասում է՝ Լաչինի միջանցքի փակ պահելն ու գազամատակարարման անջատումը փաստում են՝ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Անհագնստացած է՝ թոռների ու հարսի համար, որ երեխայի է սպասում Ստեփանակերտում.
«Ես չգիտեմ՝ ինչ են մտածում միջազգային կազմակերպությունները, նյուժելի մենք էդքան փիս ազգ ենք, որ մեր մասին ոչ մեկը չի ուզում մտածի, մեզ ո՞նց են ուզում տան թուրքին, թուրքի հետ ապրել կլինի՞: Եթե ոչ մեկը թուրքին չի ճանաչում, մենք լավ ենք ճանաչում թուրքին 90-ականներից», - ասաց Կարապետյանը:
Նարինե Ղուկասյանի ծնողներն ու հարազատներն են Արցախում։ Տարակուսած է՝ հարազատներից վերջին օրերին լավ լուրեր չի ստանում, ջեռուցում չկա, սննդի խնդիր է արդեն առաջանում։
«Ես ինքս մանկությունից դեռ հիշում եմ, որ ինչ կար, դա կերել ենք, հիմա էլ է այդպես, մի կերպ փայտով և այլն տաքանում են: Ոչ մի դժվարությունից չեն վախենում, բայց այսպես հոգեբանորեն մարդկանց ճնշելով, սրա վերջը չգիտենք, պետք է լուծում տալ այս հարցին», - ընդգծեց Ղուկասյանը: